News.am-ը գրում է․

Եվրահանձնաժողովը Եվրամիության անդամ բոլոր երկրներին համառորեն կոչ է անում հունիսի 15-ին ներքին սահմանները բացել: Այս մասին նշված է ԵՀ հայտարարության մեջ, որն այսօր տարածվել է Բրյուսելում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Որոշ անդամ պետություններ արդեն հանել են ԵՄ շրջանակում սահմանափակումները, մյուսները նախատեսում են դա անել 2020 թվականի հունիսի 15-ից: Եվրահանձնաժողովը համառորեն կոչ է անում մնացյալ անդամ պետություններին 2020 թվականի հունիսի 15-ին ավարտել ԵՄ շրջանակում ազատ տեղաշարժման սահմանափակումները հանելու եւ ներքին սահմանապահ վերահսկման չեղարկման գործընթացը»,- նշված է հայտարարության մեջ:

Եվրահանձնաժողովը Եվրամիության անդամ երկրներին կոչ է անում կազմել պետությունների ցանկը, որոնց քաղաքացիների համար արդեն հուլիսի 1-ից կարող են բաց լինել միության արտաքին սահմանները:

«Քանի որ ԵՄ եկող ճանապարհորդները կարող են ազատ տեղաշարժվել մի երկրից մյուսը, չափազանց կարեւոր է, որ անդամ պետությունները համաձայնեցնեն ուղեւորությունների սահմանափակումների չեղարկման մասին իրենց որոշումները: Հենց այս պատճառով անդամ պետությունները պետք է համաձայնեցնեն ԵՄ կազմի մեջ չմտնող երկրների ընդհանուր ցանկը, որոնց համար հուլիսի 1-ից կարող են հանվել ուղեւորությունների սահմանափակումները»,- նշված է հայտարարության մեջ:

ԵՀ-ն Եվրամիության անդամ երկրներին հանձնարարում է հուլիսի 1-ից սահմանները բացել Ալբանիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Սերբիայի, Մոնտենեգրոյի եւ ինքնահռչակ Կոսովոյի համար:

«Առաջարկվող հրահանգի համաձայն՝ Եվրահանձնաժողովը նաեւ հանձնարարում է հուլիսի 1-ից ուղեւորությունների սահմանափակումները չեղարկել Ալբանիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Կոսովոյի, Մոնտենոգրոյի, Հյուսիսային Մակեդոնիայի եւ Սերբիայի համար՝ հաշվի առնելով, որ այնտեղ համաճարակային վիճակը համանման է կամ ավելի լավ է, քան ԵՄ-ում»,- նշված է փաստաթղթում:

Եվրահանձնաժողովը Եվրամիության անդամ երկրներին հանձնարարում է ներքին սահմանների ժամանակավոր փակումը երկարաձգել մինչեւ հունիսի 30-ը: «Այսօր Եվրահանձնաժողովը հանձնարարում է ԵՄ-ում ոչ կարեւոր ուղեւորությունների համար ժամանակավոր սահմանափակումը երկարաձգել մինչեւ 2020 թվականի հունիսի 30-ը»,- նշված է փաստաթղթում:

ԵՀ-ն Եվրամիության անդամ երկրներին հանձնարարում է հուլիսի 1-ից սկսել երրորդ պետությունների քաղաքացիների համար արտաքին սահմանների փուլային բացումը, այսօր Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ներքին գործերի հարցերով եվրահանձնակատար Իլվա Յուհանսոնը:

«Եվրամիության ներսում բոլոր ներքին սահմանապահ ստուգումների չեղարկումից հետո մենք առաջարկում ենք հուլիսի 1-ից սկսած ԵՄ մուտքի սահմանափակումները հանելու հանդեպ հստակ եւ ճկուն մոտեցում: Միջազգային ճանապարհորդություններն առանցքային են տուրիզմի եւ բիզնեսի համար, ինչպես նաեւ ընտանիքի եւ ընկերների վերամիավորման համար»,- ասել է նա:

ԵՀ հայտարարության մեջ ընդգծվում է, որ ԵՄ անդամ երկրները երրորդ երկրներում վիզային գործարքները պետք է վերսկսեն արտաքին սահմանների բացումից անմիջապես հետո, որ զբոսաշրջիկները կարողանան սկսել վիզաների ձեւակերպումները:

ԵՀ-ն Եվրամիության պետություններին հանձնարարում է սահմանները բացել օտարերկրյա ուսանողների համար, որոնց ուղեւորության նպատակը ԵՄ-ում ուսանելն է: «Երկրների համար, որոնց նկատմամբ սահմանափակումներն ուժի մեջ են մնում, Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել թույլտվություն ստացող ճանապարհորդների կարգերը՝ ներառելով, օրինակ, օտարերկրյա ուսանողներին»,- նշված է փաստաթղթի մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել