168.am-ը գրում է․

168TV «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հետ

– Պարոն Սիմոնյան, երեկվանից սոցցանցերում քննարկվում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունը, որ 100 տոկոսով պետք է փոխվի այս կառավարությունը, որովհետև բոլոր ոլորտները ձախողված են: Համաձա՞յն եք Գագիկ Ծառուկյանի այս հայտարարության հետ:

– Այն, որ կան խնդիրներ կառավարությունում, պարզ է, սակայն ես կսպասեի հասցեատիրոջ պատասխանին, որն այս դեպքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, նոր դրանից հետո հասկանանք, թե ինչ ենթատեքստում է այդ ամենն արվել, և արձագանքել դրան: Առայժմ զերծ կմնանք պարոն Ծառուկյանի հայտարարությանն արձագանքելուց, կսպասենք իրադարձությունների զարգացմանը:

– ԲՀԿ նախագահը համախմբման կոչով դիմել է Հայաստանի, Սփյուռքի, Արցախի բոլոր կարող և առողջ ուժերին՝ նշելով, որ պատրաստ է անձամբ հանդիպել բոլոր առողջ քաղաքական ուժերի ներկայացուցիչների, երկրի ապագայով մտահոգ մտավորականների, գործիչների հետ՝ քննարկելու երկիրն այս իրավիճակից դուրս բերելու իրատեսական ծրագրերը: «Լուսավոր Հայաստանը» պատրաստվո՞ւմ է մասնակցել այդ հանդիպումներին:

– Դեռևս քննարկում չի եղել, «Լուսավոր Հայաստանը» նման բան չի քննարկել, անգամ չգիտեմ՝ «Լուսավոր Հայաստանին» նման առաջարկ արվե՞լ է, թե՞ ոչ:

– «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը մեր տաղավարում ասել է, որ սկսում ենք հանդիպումներ խորհրդարանի ներսի և դրսի ուժերի հետ: Իրենց հետ համագործակցության եզրեր տեսնո՞ւմ եք:

– Չեմ կարող ասել, որովհետև հիմա պատկերացրեք մի իրավիճակ, երբ ուղղակի հայտարարություն է արվում, որ պետք է հանդիպել, բայց ես չգիտեմ այդ ուժի քաղաքական, գաղափարական հայացքները, իրենց ծրագրերը, նպատակները, մոտեցումները: Ես կողմ եմ գաղափարական համագործակցությանը, եթե քաղաքական գաղափարախոսության հիմքով համագործակցություն կա, դա նորմալ է, սակայն չեն կարող, օրինակ՝ ձախ սոցիալիստն ու աջ լիբերալը մի դաշինքում լինել, դա խնդիր է լինում: Գաղափարախոսությունն աշխարհայացք է, մոտեցում է՝ խնդիրների լուծմանը:

– Իշխանության ներկայացուցիչների արձագանքը Գագիկ Ծառուկյանի հայտարարությանն ինչպե՞ս եք գնահատում. նա իր կարծիքը հայտնեց, և միանգամից սկսեցին սպառնալ քրեական գործեր հարուցելով, որքանո՞վ է սա ժողովրդավար:

– Սպառնալիքների լեզվով խոսելն անընդունելի է. եթե մեկը կատարել է քրեական արարք, անկախ իր զբաղեցրած դիրքից՝ պետք է պատժվի, եթե դատարանով ապացուցվել է նրա մեղավորությունը: Եթե անգամ կան փաստացի կասկածներ, պետք է դրանց հիման վրա լինեն քրեական գործեր: Այս դեպքում ծագում են բազմաթիվ հարցեր՝ կապված քրեական գործերի վաղեմության հետ, ժամկետների հետ: Ես կուզեի ավելի մանրամասն լսել, թե կոնկրետ ինչ քրեական գործերի մասին է խոսքը, ինչ նկատի ունեն իշխանության ներկայացուցիչները: Ակնարկներից շատ բան պարզ չէ, միգուցե կան ընթացող քրեական գործեր, որոնցից մենք տեղյակ չենք՝ նախաքննության գաղտնիքից ելնելով, բայց իրենք տեղյակ են, թող իրենք ասեն:

– Երեկվանից քննարկվում է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ «Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի»,- ասել է նա: Այս կոչը, ըստ էության, ուղղված է նաև ձեզ, որքանո՞վ են ձեզ համար ընդունելի Առաջին նախագահի դիտարկումները:

– Այստեղ խնդիր կա. Հայաստանը, այս դեպքում առանձին վերցնենք ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, այլ Արցախի Հանրապետությունը, գտնվում է պատերազմական իրավիճակում Ադրբեջանի հետ: Միջազգային տերմինով կարող են ասել, որ դանդաղ պատերազմ է ընթանում: Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր, իր վրա զգում է այդ ազդեցությունը: Հետևաբար՝ դա շահարկել, ասել, որ, եթե Հայաստանի Հանրապետությունը, մեր եղբայր Արցախի Հանրապետությունը գտնվում են նման իրավիճակում, չի կարելի քննադատել իշխանություններին, սխալ է:

Միշտ կա որոշակի խնդիր, որի շուրջ պետք է համախմբվել և այդ խնդրի դեմ պայքարել: Դա վտանգավոր թեզ է, որ չի կարելի գնահատել իշխանություններին, որովհետև մենք գտնվում ենք նեղ վիճակում, խնդիրների մեջ ենք: Քննադատությունը եղած խնդիրների վերհանումն ու այլընտրանքային լուծումներ առաջարկելն է: Եթե ընդդիմությունը չի սկսում նշել ընդդիմության թույլ տված սխալները, չի սկսում քննադատել և չի ստիպում իշխանությանը վերանայել մոտեցումները, ստացվում է այնպես, որ մենք վատություն կանենք պետությանը, լավություն՝ իշխանություններին: Կարող է այսօր պատերազմ լինել կորոնավիրուսի դեմ, վաղը պատերազմ՝ աղքատության դեմ, կամ քաղցկեղի դեմ: Միշտ կա որևէ հարց, որի վերաբերյալ կարելի է ասել, թե չի կարելի քննադատել. ո՛չ, քննադատել միշտ կարելի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել