168.am-ը գրում է․

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, որ Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանն ու աշխատակիցները հայցեր էին ներկայացրել դատարան:

Թատրոնի նախկին տնօրենը հայցադիմում ներկայացրել էր իրեն պաշտոնից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքին վերադառնալու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջով:

Արդյունքում՝ դատարանն անվավեր էր ճանաչել մշակույթի նախարարի՝ Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանը և  Մշակույթի նախարարությանը (Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍՆ)) տուգանել էին մոտ 950.000 դրամով ու չեղյալ համարել հրամանը:

«Հունիսի մեկի առավոտյան թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, նախարարության իրավաբանական վարչության և կադրերի բաժնի աշխատակիցների հետ, 1.5 տարի անց, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով, գնացել էին թատրոնի նախկին տարածք, որպեսզի հին և նոր տնօրենների միջև ընդունում-հանձնում տեղի ունենար»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրենը՝ հավելելով, որ թատրոնի տնօրենի ԺՊ-ն` Լիլիթ Փալանջյանը, արդեն 1.5 տարի է՝ կնիքին տիրապետում է, ինքն է անձամբ ոստիկանությանը հանձնել, որպեսզի ավելորդ քաշքշուկից հեռու լինի։

«Վերջերս էլ Կառավարությունում որոշում կայացվեց պահուստային ֆոնդից տույժ-տուգանքներ վճարելու համար ինձ հատկացնել 950.000 ՀՀ դրամ: Իրենց ապօրինությունների համար պետությունը պահուստային ֆոնդից պիտի վճարի: Մեկ հայցադիմում էլ ունենք, այն է՝  թատրոնի 19 աշխատող դիմել է դատարան 1.5 տարվա աշխատավարձերի փոխհատուցման համար: Ողջ 2019 թվականին և 2020 թվականին դեռ աշխատավարձ չեն ստացել: Մայիսի 12-ին ԿԳՄՍ նախարարությունը նամակ էր ուղարկել դատարան, որ կորոնավիրուսը հաշվի առնելով՝ դատը հետաձգվի։ Այն տեղի կունենա հունիսի 29-ին։ Հիմա եկել էին, որ ձև անեն, թե ընդունում-հանձնում են ուզել անել, ու դատարանում ասեն, թե դրա պատճառով աշխատավարձ չեն տվել։ Լ․Փալանջյանն աշխատավարձ չի տվել և Հարկադիր կատարման ծառայությունը թատրոնի եղած-չեղածը կալանքի տակ է դրել։ 2020թ․ թատրոնը չի աշխատել՝ բյուջեն մնացել է։ Հիմա, եթե թատրոնը չի աշխատել, բյուջե ինչո՞ւ եք իջեցրել։ 2019 և 2020թթ․ վրա հիմա կալանք է դրված, գործը Հարկադիրում է»,- նշեց Գայանե Կարապետյանը։

Փաստաբան Աշխեն Դաշյանն էլ փոխանցեց, որ ԵԴ/38173/02/19  դատական գործը՝ դատավոր Տիգրան Գրիգորյան, քննվելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրում։

«Նախորդ դատական նիստը հետաձգվել է նախարարության միջնորդության հիմքով։ Հաջորդ դատական նիստը նշանակված է լսելու հունիսի 29-ին՝ ժամը 15։20-ին։ Գործով պատասխանող է «Խորեոգրաֆիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ը, երրորդ անձինք ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը։ Պահանջն աշխատավարձերի բռնագանձման, տուգանքի վերաբերյալ է։  Հայցվորները թվով 19-ն են։ Դատարանը մեր միջնորդության հիման վրա արդեն կիրառել է հայցի ապահովման միջոցներ և արգելանք է դրել Հայցագնի չափով «Խորեոգրաֆիայի պետական թատրոն»  ՊՈԱԿ-ի գույքի վրա»,- մանրամասնեց փաստաբանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել