168.am-ը գրում է․

Նախորդ տուրից հետո մրցանակային տեղերի համար պայքարը էլ ավելի է սրվել: «Արարատ-Արմենիան» շարունակում է պահպանել առավելությունը իրեն հետապնդող թիմերի նկատմամբ: 34-ական միավոր ունեցող «Լոռիի», «Ալաշկերտի» ու «Նոային» նկատմամբ Մինասյանի թիմն ունի 4 միավորի առավելություն, սակայն գործող չեմպիոնի մոտ պահերի իրացման խնդիր կա, որի մասին նախորդ խաղից հետո խոսեց հենց Մինասյանը: «Շիրակը» 2 միավոր պակաս ունի քառյակի թիմերից, իսկ «Արարատը» 31 միավոր ունի ու նահանջել է 6-րդ հորիզոնական:

Մարզային դերբի. այս անգամ՝ Վանաձոր

Առաջիկա տուրում կրկին կայանալու է մարզային դերբին՝ «Լոռի»-«Շիրակ»: Վերսկսումից հետո այս թիմերը հանդիպեցին Գյումրիում, որտեղ «Շիրակը» «բացակայում» էր խաղադաշտից: Միայն հանդիպման վերջում որոշակի ակտիվություն դրսևորեց՝ կարողանալով մեկ գոլ խփել, բայց պարտվեց 1-2 հաշվով: Իսկ հաջորդ 2 խաղում Բիչախչյանի թիմը մեծ առաջընթաց գրանցեց՝ բարձրակարգ ֆուտբոլ խաղալով «Արարատ-Արմենիայի» ու «Արարատի» դեմ խաղերում: Վերջապես թիմին կարող է օգնել Ուրոշ Նենադովիչը: Սերբի մեկուսացման ժամկետն ավարտվել է, բայց նրա ֆիզիկական ու ֆունկցիոնալ պատրաստվածության մասին կոնկրետ գնահատական կարող է տալ Վարդան Բիչախչյանը: «Լոռին» լավ է վերսկսել առաջնությունը՝ 3 խաղում տանելով 1 հաղթանակ ու խաղալով 2 ոչ-ոքի «Արարատ-Արմենիայի» ու «Նոայի» դեմ խաղերում: Որակազրկումից հետո թիմի կազմ կվերադառնա Ջիմի Բենդը: Փոխարենը որակազրկման պատճառով առաջիկա խաղը բաց կթողնի Ալեքսանդր Պրիմաել Յեուլեն: Վարձավճարից «Լոռի» է վերադարձել Իվուն: «Լոռին» ու «Շիրակը» ընթացիկ առաջնությունում հանդիպել են 2 անգամ. 1 անգամ գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի, մյուսում 2-1 հաշվով հաղթել է «Լոռին»: Այս խաղում դժվար է ընդգծել ֆավորիտի. 2 թիմն էլ ունի հավասար հնարավորություն:

«Նոան» վերելքի ճանապարհին կհանդիպի անդունդի եզրին գտնվող «Արարատին»

«Արարատը» վերջին 2 տուրում նույնքան պարտություն է կրել: «Արարատի» խնդիրներին վերջին շրջանում շատ ենք անդրադարձել: Ռուս հայտնի մարզիչը հեռացավ թիմից, խաղացողներից մի քանիսը չեն ժամանել Հայաստան, սակայն մի քանիսը, որոնք Երևանում մեկուսացման մեջ էին, կարող են միանալ թիմին, բայց նրանք կարող են խնդիրներ ունենալ մարզավիճակի հետ կապված: Վերջին 2 խաղում «Արարատը» գրեթե ոչնչով աչքի չի ընկել խաղադաշտում, իսկ խաղացողների մոտ անընդհատ հոգնածություն է նկատվում: Իսկ «Նոան» վերելք է ապրում: Վերսկսումից հետո յուրաքանչյուր խաղում ընդգծվում է թիմի աճը: Ընթացիկ առաջնությունում թիմերը հանդիպել են 2 անգամ՝ տանելով մեկական հաղթանակ: Այս խաղի ֆավորիտը, միանշանակ, «Նոան» է՝ հաշվի առնելով թվարկած խնդիրները:

Գործող չեմպիոնը 2 տուր է չի հաղթում

«Լոռիի» դեմ խաղից հետո Մինասյանը գոհ էր խաղի որակից, բայց արդյունքից ու պահերի իրացումից՝ ոչ: 35 րոպե ունենալով քանակական առավելություն՝ «Արարատ-Արմենիան» չկարողացավ հաղթանակի հասնել: Կազմի հետ կապված որևէ խնդիր չունի Մինասյանը, իսկ «Ալաշկերտում» ամեն ինչ մի փոքր խառն է: Ադամյանն անընդհատ ռոտացիա է անում, իսկ երբեմն՝ խճճվում: Դրա վկայությունը նախորդ տուրի առաջին խաղակեսի վերջնամասն էր: Թիմերը ընթացիկ առաջնությունում հանդիպել են 2 անգամ ու տարել մեկական հաղթանակ: Առաջին տուրում հաղթանակն ուղեկցեց Արմեն Ադամյանի թիմին. հաղթական գնդակն 89-րդ րոպեին խփեց Գլիշիչը, իսկ 9 տուր անց Գուզն ու ընկերները 2 անպատասխան գնդակ ուղարկեցին գործող գավաթակրի դարպասը: Հաղթանակի հարցում «Արարատ-Արմենիայի» շանսերը մի փոքր ավելի մեծ են:

Պայքար 7-րդ տեղի համար

Վեցնյակից դուրս կկայանա մեկ հանդիպում: Երևանի «Փյունիկը» կխաղա «Ուրարտուի» հետ: Դժվար է գնահատել թիմերի հնարավորությունները, քանի որ վերջերս «Փյունիկից» մի շարք խաղացողներ հեռացան, իսկ «Ուրարտուի» կազմը հայտնի պատճառներով ամբողջական չէ: Ընթացիկ առաջնությունում թիմերը հանդիպել են 2 անգամ. 2 դեպքում էլ հաղթել է «Փյունիկը», իսկ ընդհանուր հաշիվը՝ 4-1: Գրիգորյանի թիմն այս պահին 26 միավորով 7-րդ տեղում է, բայց մեկ խաղ ավել է անցկացրել, իսկ Բերեզովսկու սաներն ունեն 3 միավոր պակաս ու 8-րդ տեղում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել