168.am-ը գրում է․

Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է  12․364-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ մահվան ընդհանուր դեպքերի թիվը 259 է:

Covid 19-ի հայաստանյան ու համաշխարհային վիճակագրությունը դեռևս հուսադրող չէ, իսկ վիրուսի հաղթահարման միջոցների ու ժամկետների մասին տեղեկությունն ամենափնտրվածն է համացանցում:

Ե՞րբ կլինի Covid 19-ի դեմ պատվաստանյութը, կլինի՞ վարակման երկրորդ ալիք, և արդյո՞ք Հայաստանը մոտեցել է վիրուսի տարածման պիկին՝ հարցերի պատասխանները 168.am-ը լսել է վիրուսաբան, ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտական խմբի ղեկավար Հովակիմ Զաքարյանից:

 Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի թիմի ղեկավար Հանս Կլյուգեն չի բացառել կորոնավիրուսի երկրորդ բռնկումը՝ նշելով, որ դրա հետևանքները կարող են «ավերիչ լինել»: Ըստ Ձեզ՝ ե՞րբ է հնարավոր Հայաստանի համար կանխատեսել երկրորդ ալիք:

– Ընդհանրապես չկա որևէ մի գիտական մեթոդ, մոտեցում, որով հնարավոր կլինի գոնե շատ փոքր ճշգրտությամբ կանխատեսել՝ համավարակի նոր ալիքներ կլինե՞ն, թե՞ ոչ, և եթե կլինեն՝ ապա ե՞րբ։

Նման դեպքերում կանխատեսում անելն անշնորհակալ գործ է և ժամանակի կորուստ։

 Շատերը կարծում են, որ շոգ եղանակին համավարակը կնահանջի, ինչպես օդակաթիլային եղանակով տարածվող սուր շնչառական վիրուսների դեպքում է լինում: Որքանո՞վ է հավանական:

– Այսօր շատ դժվար է ասել, թե եղանակի տաքացումն ինչպես կազդի վիրուսի տարածման վրա։ Մենք ունենք երկրներ, որտեղ եղանակը բավական տաք է, և վիրուսի հանդիպման դեպքերն էլ քիչ են, բայց կան նաև երկրներ, որտեղ, չնայած տաք եղանակին, վիրուսն էլ արագ տարածվում է։

Ամեն դեպքում, պետք էլ չէ հույսը դնել նման գործոնների վրա։ Անկախ նրանից՝ ինչպես կազդի եղանակը, մենք պետք է ամեն ինչ անենք նվազեցնելու համար վիրուսի հետագա տարածումը։

Արդեն հիմա կարելի է հստակ ասել, որ համավարակի դեմ պայքարը դեռ երկար է տևելու, առնվազն մի քանի շաբաթ, եթե ոչ՝ ամիս, քանի որ, եթե ժամանակից շուտ թուլացնենք մեր զգոնությունը, շատ հնարավոր է՝ ունենանք վիրուսային նոր օջախ, և սկսվի նոր ալիքը։

 Այս թվերի պարագայում Հայաստանը, ըստ Ձեզ, արդեն հասե՞լ է պիկին:

– Տեսեք, շատ կարևոր է ճիշտ հասկանալ, թե ինչ է պիկը։ Դա օրական դեպքերի ամենամեծ թիվն է, որը գրանցվել է որոշակի ժամանակահատվածում։ Այդ թիվը շատ բաներից է կախված, օրինակ՝ թե որքան թեստավորում է իրականացվում ամեն օր, ինչ չափորոշիչների հիման վրա են մարդկանց թեստավորում, և այլն։ Եթե մենք օրվա կտրվածքով 1500 թեստավորում անելու փոխարեն՝ անենք 3000, շատ հավանական է, որ 697 դեպքի փոխարեն՝ ունենանք դրանից ավելի մեծ թիվ։ Եվ դա կլինի մեր նոր պիկը։

 Ռուսաստանում նոր կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները կարող են սկսվել արդեն առաջիկա աշնանը՝ նշել էին պաշտոնական շրջանակներից: Սա որքանո՞վ է հավանական, և առհասարակ, պատվաստանյութերի առումով աշխարհում արդեն կա՞ն կոնկրետ գրանցված հուսադրող արդյունքներ:

– 50-ից ավելի ընկերություններ, համալսարաններ կամ ինստիտուտներ այսօր փորձարկում են տարբեր թեկնածու պատվաստանյութեր։ Որոշ ընկերությունների մոտ կան նախնական դրական արդյունքներ, ինչը հուսադրող է։ Սակայն այդ փորձարկումները գտնվում են դեռևս կլինիկական փորձարկումների առաջին փուլում։

Օրինակ՝ Նուբար Աֆեյանի «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութն անցել է փորձարկման առաջին փուլը, բայց առջևում դեռ երկու այլ փուլեր էլ կան։ Շատ կարևոր է, որ այս փորձարկումները, շտապողականության պատճառով, արհեստական կերպով չարագացվեն որակի կամ անվտանգության հաշվին։ Մեզ պետք են պատվաստանյութեր, բայց դրանք պետք է լինեն անվտանգ և արդյունավետ։ Իսկ դրա համար պետք է ժամանակ։ Ես իրատեսական չեմ համարում, որ հնարավոր կլինի մարդկանց պատվաստել առաջիկա մեկ տարվա ընթացքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել