168.am-ը գրում է․

Այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հերթական ուղիղ միացման ժամանակ, խոսելով կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ Հայաստանում վարակվածների թվի մասին, ասել էր, թե երկրում 25 հազար, հնարավոր է՝ նույնիսկ 30 հազար ասիմպտոմ դեպք կա:

«Հիմա գուցե դուք վարակված եք, ու շատ լավ է, որ վարակված եք ու չգիտեք, դա նշանակում է, որ ձեզ մոտ ասիմպտոմ է, նշանակում է, որ դուք կլավանաք, և ձեր կյանքը լրիվ կփոխվի: Դուք որևէ մտավախություն չեք ունենա ոչ հարազատի վարակելու, ոչ էլ վարակվելու առնվազն մեկ տարի»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքից կարելի է տպավորություն ստանալ, որ բացառված է կորոնավիրուսով կրկնակի վարակվելու հնարավորությունը:

Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ կորոնավիրուսով կրկնակի վարակվելու հարցի վերաբերյալ ինքն անձամբ խորն ուսումնասիրություն չի արել, բայց անդրադարձավ արված հետազորություններին, որոնք վկայում են, որ կորոնավիրուսով վարակվելուց հետո իմունային պատասխան առաջանում է, հակամարմիններ են ձևավորվում, բայց, ըստ Հ. Զաքարյանի, միայն վերջնական, ավելի խորը հետազոտության պարագայում հնարավոր կլինի պատասխանել հարցին, թե որքա՞ն երկարատև, որքա՞ն պաշտպանիչ կլինի այդ իմունիտետը, որքանո՞վ այն կբացառի կրկնակի վարակների հավանականությունը, ու հիմա դեռ շատ վաղ է այդ մասին հստակ որևէ բան ասել:

«Որպես կանոն՝ վարակներից հետո ձևավորվում է իմունային հիշողություն տվյալ վարակի նկատմամբ, ինչը թույլ է տալիս պաշտպանվել, կապ չունի՝ ա՞յս վիրուսն է, թե՞ ուրիշ վիրուս: Կոնկրետ կորոնավիրուսի պարագայում արդեն ինչ-որ նախնական աշխատանքներ կան, որոնք ցույց են տալիս, որ, այո՛, իմունային հիշողություն, իմունիտետ կոչվածը ձևավորում է: Բայց որքան երկար կարող է տևել, դեռևս հետազոտության առարկա է: Որովհետև այդ վիրուսով մարդիկ հետաքրքրված են, հետազոտում են վերջին 4-5 ամիսները, բայց դա քիչ է հստակ պատասխան ունենալու համար՝ արդյո՞ք իմունիտետը երկարատև կլինի, կարճատև կլինի:

Իսկ ինչ վերաբերում է կրկնակի վարակի պարագային, ընդհանրապես բոլոր վիրուսների դեպքում էլ կա հավանականություն կրկնակի վարակվելու՝ կախված մարդու օրգանիզմի յուրահատկություններից: Օրինակ, մարդիկ կան, որոնք ամեն դեպքում խրոնիկ ինչ-ինչ հիվանդությունների պատճառով ունենում են թույլ իմունիտետ, իմունային պատասխանը թույլ է ձևավորվում, իմունային հիշողությունը լավ չի ձևավորվում, և, իհարկե, այդպիսի մարդիկ միշտ ռիսկային գոտում են գտնվում, այսինքն՝ նրանք կարող են նորից վարակվել: Խոսքը կորոնավիրուսի մասին չէ, ընդհանրապես բոլոր վիրուսների դեպքում: Հետևաբար՝ ենթադրում եմ, որ կլինեն մարդիկ, որոնց մոտ կրկնակի վարակ կարող է լինել: Աշխարհում այդպիսի դեպքեր գրանցված կան, որքանով ինձ է հայտնի, բայց էլի եմ կրկնում, ես այդ թեման առանձնապես խորը չեմ ուսումնասիրել, բայց նորություններում նման դեպքերի մասին հանդիպել եմ, ինչը զարմանալի չէ, որովհետև մարդիկ կարող են լինել, որոնց մոտ ուղղակի առողջական խնդիրների պատճառով իմունային համակարգը լավ չի աշխատում ի սկզբանե՝ մինչև վարակը: Հետևաբար՝ նրանց նորից վարակվելու հավանականություն կարող է լինել: Բայց ընդհանուր առմամբ բնական է, որ, եթե մարդը վարակվել է, ենթադրում եմ, որ գոնե կարճատև իմունիտետ պետք է որ ձևավորվի»,- ասաց Հովակիմ Զաքարյանը:

Կորոնավիրուսով կրկնակի վարակվելու հնարավորությանը ու վարակվելուց հետո իմունիտետ ձեռք բերելուն օրեր առաջ անդրադարձել էին նաև ԵՊԲՀ դասախոսները՝ մասնագիտական քննարկման ժամանակ:

Հենց այդ քննարկման ժամանակ ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ, բ.գ.թ., պրոֆեսոր Վիգեն Ասոյանը նշել էր, որ դեռ վաղ է խոսել վիրուսից հետո առաջացող հակամարմինների և դրանց պահպանման ժամանակի մասին:

«Հայտնի է, որ ինֆեկցիոն հիվանդություններից հետո օրգանիզմում ձևավորվում է իմունիտետ: Որոշ ինֆեկցիոն հիվանդություններից հետո դա կայուն, երկարատև կարող է ամբողջ կյանքում պահպանվել, որոշ հիվանդություններից հետո՝ ավելի կարճատև: Հիմա էս հիվանդությունից հետո իմունիտետ առաջանո՞ւմ ա, կայո՞ւն ա, ինչքա՞ն ժամանակ ա, հակամարմինները, որոնք որ պաշտպանում են նորից մարդուն վարակվելուց, ինչքա՞ն ժամանակ են պահպանվում էդ հակամարմինները և էդ իմունիտետը, դեռ շատ վաղ է խոսել դրա մասին, որովհետև մենք էս հիվանդությունը գիտենք մոտավորապես վեց ամիս: Բայց շատ է խոսվում, և շատ կան գրականության մեջ նկարագրված տվյալներ, որ վեց ամսից մինչև մեկ տարի պահպանվում են օրգանիզմում բոլոր այն նյութերը, հակամարմինները, որոնք որ ապահովում են իմունիտետը կրկնավարակից նույն հիվանդությամբ»,- ասել էր Վիգեն Ասոյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել