168.am-ը գրում է․

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի կարծիքով՝  իշխանության կազմը 100 տոկոսով պետք է փոխվի, քանի որ բոլոր ոլորտները ձախողված են։

«Ես դեռ մեկ տարի առաջ ասել եմ, որ նման կազմով անհնար է ժողովրդի սպասումներն իրականացնել, և եթե ուզում են իրականացնել,  պետք է 97 տոկոսին փոխեն, բայց այսօր տեսնելով այս ձախողումները, կարող եմ ասել, որ ոչ թե 97 այլ 100 տոկոսը պետք է փոխվի»,- երեկ կուսակցության քաղաքական խորհրդի հրատապ նիստի ժամանակ ասել է Գ. Ծառուկյանը՝ հավելելով, որ ժողովուրդը փորձադաշտ չէ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի գնահատմամբ՝ սակայն, այսօր Կառավարությունն անում է մաքսիմալը:

«Ես չեմ պատկերացնում, օրինակ՝ որևէ այլ կառավարություն, որ սրանից ավելին կարողանար անել. մարդիկ ասում են՝ փողեր բաժանեք ժողովրդին, վարկեր մարեք: Մենք այնպիսի երկիր ենք ժառանգել նախորդ իշխանություններից… Այ, եթե, օրինակ, էս կորոնավիրուսը լիներ մեր իշխանության գալուց 5-10 տարի հետո, մենք կարող էինք երկիրը մտցնել խորը կարանտինի մեջ, փողեր բաժանել, վարկեր մարել, բայց քանի որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երկիր ենք ժառանգել, և դրանից 1.5-2 տարի հետո այս վիրուսն ի հայտ է գալիս, մենք պարզապես չենք կարող մեզ էդպիսի բաներ թույլ տալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հ. Հակոբյանը:

Հարցին՝ արդյո՞ք ԲՀԿ առաջնորդի հայտարարությունները համարում եք արմատական ընդդիմության կողմից հնչող հայտարարություններ և ի՞նչ եք կարծում՝ այս հայտարարություններին կհաջորդե՞ն կոնկրետ գործողություններ, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց.

«Չեմ կարծում, որ հանդես կգան գործողություններով, երբեք չեմ համարել իրենց արմատական ընդդիմություն. իրենք փոփոխական ընդդիմություն են եղել ինձ համար գոնե թե»:

«Իմ Քայլը» խմբակցության պատգամավորին հիշեցրինք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ Նիկոլ Փաշինյանի «համագործակցության» դրվագները՝ 2018 թվականի մայիսի 2-ին Նիկոլ Փաշինյանի  և Գագիկ Ծառուկյանի «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած փակ հանդիպումը, ապա հոկտեմբերի 8-ին 2018թ. դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ համատեղ հուշագրի ստորագրումը.

«Դրա հետ կապված տեղեկություն չունեմ՝ գիտեմ, որ փակ հանդիպում է եղել, ինչ հուշագիր է եղել՝ այս պահին չեմ կարող ասել, բայց ուզում եմ ասել, որ այս իրավիճակում բոլոր այն քաղաքական ուժերը, քաղաքական անհատները, որ պահանջում են կառավարության հրաժարական, էսինչի հրաժարական, էդ շատ ուղիղ պետությանը վտանգ սպառնացող գործողություն է՝ ինչով, որ այս իրավիճակում մարդիկ փորձում են քաղաքական դիվիդենտներ շահել:

Դա Հայաստանի ժողովրդին դավաճանել է՝ նեղ իրավիճակում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել