Դաղստանում իշխանությունները տապալել էին կորոնավիրուսի դեմ պայքարը։ Իրական պատկերը թաքցնում էին ոչ միայն բնակչությունից, այլև Մոսկվայից։

Ըստ այդմ, դաշնային կենտրոնից ստանում էին ավելի քիչ դեղեր և սարքավորում, քան իրականում պետք էր, ինչն էլ ավելի ու ավելի էր խորացնում աղետը։

Բանը հասավ նրան, որ Դաղստանի առողջապահության նախարար, հասկանալով, որ տակից դուրս եկող չէ, ու վերջում ամեն ինչ իր գլխին է ջարդվելու, ընդդիմադիր մի բլոգերի հետ հարցազրույցում հայտարարեց, որ վարակվածների և մահացածների իրական թվերը շատ ավելի մեծ են պաշտոնականից։

Մեծ սկանդալ եղավ, բայց նաև օգուտ. Դաղստանը հայտնվեց Մոսկվայի ուշադրության կենտրոնում, ամբողջ Ռուսաստանից սկսեցին օգնություն ուղարկել, մասնագետներ գործուղեցին, ՊՆ-ն դաշտային հոսպիտալներ բացազատեց և այլն։

Բայց մինչ այդ ամենը Դաղստանի շատ համայնքներում, հասկանալով, որ իշխանությունները չեղածի հաշիվ են, սկսեցին ինքնակազմակերպվել։

Ասում են, որ տեղական կրոնական համայնքները (այսպես կոչված՝ ջամաաթները) շատ լուրջ դեր են խաղացել պաշտոնական իշխանության չգոյության պարագայում բնակչությանը մոբիլիզացնելու գործում։ Օրինակ՝ տեղական համայնքների ուժերով կազմակերպել են առանձին գյուղերի բնակիչների ռեգուլյար ջերմաչափում, հիվանդների ընտանիքներն են մեկուսացրել, Մոսկվայում ապրող հայրենակիցների միջոցներով դիմակներ, դեղորայք և անհրաժեշտ այլ պարագաներ են հայթայթել և բաժանել համայնքների անդամներին։ Նույնիսկ ցուցումներ են մշակել և տարածել, վերահսկել, որ բոլորը դրանց հետևեն։

Պետականությունը հենց այն բանի համար է պետք, որ գլոբալ, համապետական խնդիրների լուծումը չարվի հատվածաբար, առանձին աուլների, գյուղապետերի, մոլաների կամ թեկուզ թաղային հեղինակությունների մակարդակով, «ում բախտը ոնց բերի» սկզբունքով։

Երբ եսակենտրոն քաղաքական գործիչը փորձում է բոլոր պետական ինստիտուտներն իրենով փոխարինել, պետությունը շատ արագ վերածվում է պայմանական «Դաղստանի», դառնում սարերով ու ձորերով իրարից անջատված աուլների ցանց, որտեղ ամեն եղունգ ունեցող հեղինակություն իր աուլի գլուխն է քորում։

Բայց իրական Դաղստանն ունի վերադաս՝ Մոսկվան, որն ինչ-որ պահից օգնության է հասնում։

Մենք այդպիսի «բարի պապա» չունենք, որ հեռու-հեռուներից ուղղաթիռներով կգա ու կսկսի Հայաստանի ղեկավարների ապիկարության հետևանքները չեզոքացնել, հոսպիտալներ բացազատել։

Վերածվել ցաքուցրիվ եղած «ջամաաթների ցանցի» մենք նույնպես չենք կարող, որովհետև Հայաստանը ոչ թե աշխարհից կտրված և օվկիանոսի հազարավոր կիլոմետրերով պաշտպանված կղզի է, այլ դեպի ծով ելք չունեցող, 2 կողմից թշնամիներով շրջապատված պատերազմող երկիր է։

Մենք այլ ելք չունենք, քան մեր պետականության համար կռիվ տալը, մեր պետականությունը պահպանելն ու հզորացնելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել