168.am-ը գրում է․

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ, դժբախտաբար, ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն:

«Հաշվի առնելով միջազգային վիճակագրությունը, մենք կանխավ պահեստավորել էինք հատուկ այդ սինդրոմի բուժման համար նախատեսված թանկարժեք իմունոգլոբուլինային դեղորայք:

Հուսամ, փոքրիկը արագ կապաքինվի, նրա վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության»,- գրել էր նախարարը։

Մանկաբույժ Արթուր Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ Կավասակին վիրուսային վարակ է, որը ավելի հաճախ հանդիպում է երեխաների մոտ՝ ախտահարելով տարբեր օրգան-համակարգերը։

«Այն զարմանալի ու վախենալու չէ, պարզապես Հայաստանում քիչ է հանդիպում։ Այո, կորոնավիրուսից հետո կարող է լինել, երեխաների մոտ այդպես է դրսևորվում։  Կավասակիի սինդրոմ կարող է ցանկացած գրիպից, վիրուսից հետո էլ լինել»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց մանկաբույժը։

Նշենք, որ Կավասակիի հիվանդությունը հայտնի է նաև՝ որպես մաշկի, լորձաթաղանթների, ավշագեղձերի, արյունատար անոթների բորբոքային հիվանդություն։ Հիմնական ախտանիշներն են՝ տենդ, որը տևում է ավելի քան 5 օր և չի պատասխանում սովորական դեղորայքին, պարանոցային մեծացած ավշային հանգույցներ, ցան սեռական օրգանների հատվածում, կարմրած աչքեր, շրթունքներ, ափեր և ոտնաթաթեր։

Այլ ախտանիշներն են՝ ցավոտ կոկորդ և լուծ։ Ախտանիշների սկզբից 3 շաբաթ հետո հնարավոր է ոտնաթաթերի և ափերի մաշկի թեփոտում։ Այնուհետև տեղի է ունենում վերականգնումը։ Պատճառն անհայտ է։ Կարող է լինել ինֆեկցիոն տրիգերի հանդեպ գենետիկորեն նախատրամադրված աուտոիմուն պատասխանը։ Հիվանդությունը վարակիչ չէ։ Սովորաբար, բուժման ընթացքում, տենդը վերանում է 24 ժամվա ընթացքում և տեղի է ունենում ամբողջական ապաքինում։ Կավասակիի հիվանդությունը հանդիպում է ամբողջ աշխարհում, բայց Ճապոնիայում՝ առավել հաճախ: Այն գրեթե բացառապես վաղ տարիքի երեխաների հիվանդություն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել