Tert.am-ը գրում է․

Այսօր կորոնավիրուսային համավարակի հետ կապված ունենք աղետալի վիճակ։ Այս աղետը խորանում է և՛ տնտեսական, և՛ սոցիալական, և՛ հումանիտար առումներով։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանը։

Նրա կարծիքով՝ Կառավարության գործողությունները և համավարակի տարածվածությունը համահունչ չեն իրար։

«Կարծես՝ չկա համավարակի դեմն առնելու մշակված հստակ ռազմավարական քաղաքականություն։ Կառավարությունը, ցավոք սրտի, այսօր գործում է տվյալ պահի թելադրանքով կայացված որոշումներով։ Վաղուց արդեն ժամանակն է սթափվելու և իսկական ռազմավարական քաղաքականություն մշակելու, ամեն ինչ անելու, որպեսզի այս աղետը կանգ առնի»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ հունիսի 5-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 596 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 11817-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 183 է:

Ինչ վերաբերում է քաղաքացիների, բիզնեսի հակահամաճարակային կանոններին չհետևելուն, Նիկոլ Փաշինյանի կողմից այդ փաստերը սոցիալական ցանցերում հրապարակելու արշավի արդյունավետությանը՝ Արմենուհի Կյուրեղյանը նշեց․ «Հենց դա է, որ ասում եմ՝ ռազմավարական քաղականություն չկա այսօր։ Դիմակ կրելը, եթե գոնե 10 տոկոս փրկում է հիվանդների կյանքը, ապա, իսկապես, եկե՛ք կրենք, բայց դրանով բավարարվել և մի քանի լուսանկար Ֆեյսբուքում դնելը, իհարկե, դա պետական կառավարության գործունեություն չի կարող լինել։ Մենք վաղուց արդեն կարիք ունենք գնահատելու այս իրավիճակը, վերլուծելու, վեր հանելու բովանդակային սխալները և անհապաղ սկսելու իրական ծրագիր մշակելու ուղղությամբ աշխատանքները»։

Ըստ նրա՝ Կատավարությունը կանխարգելիչ միջոցառումներ նախաձեռնելու հարցում պետք է լսի մասնագետներին՝ համաճարակաբաններին։ Տարբեր կուսակցությունների, կառույցների, նախաձեռնությունների մեկնած աջակցության ձեռքն էլ մնացել է օդում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել