Hraparak.am-ը գրում է․

Եվրոպական հանձնաժողովը Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալության զեկույցի հիման վրա հրապարակել է «սեւ ցուցակը», որով 16 երկրի  96 ավիաընկերության արգելվել է ավիափոխադրում իրականացնել Եվրամիության տարածքում։ Այդ երկրների թվում է նաեւ Հայաստանը։ Պատճառը երկրի անվտանգային վերահսկողություն իրականացնելու հնարավորությունների ցածր մակարդակն է։

Հայաստանի հետ «սեւ ցուցակում» են հայտնվել աֆրիկյան այնպիսի հետամնաց երկրներ, ինչպիսիք են Ջիբութին, Լիբիան, Սուդանը, Կոնգոն եւ այլն։ Այս զեկույցը վաղուց էր սպասվում, գիտեինք, որ մենք «սեւ ցուցակում» ենք ընդգրկվելու։ Այս «հաջողությունն» անմիջապես վերագրվեց ՀՀ կառավարության, ի մասնավորի՝ Քաղավիացիայի կոմիտեի ապաշնորհ գործելաոճին, որի հետեւանքով հայկական ավիաընկերություններն այսօր չեն կարողանա թռչել ԵՄ երկրներ։ Իհարկե, սա չի նշանակում, թե մենք կզրկվենք դեպի Եվրոպա թռիչքներից: Նույն «Ryanair», «Wizz air», «Air France», «Austrian Airline» եւ եվրոպական այլ ավիաընկերություններ կշարունակեն թռիչքներ իրականացնել Եվրոպայից Հայաստան: Արգելքը տարածվում է հայկական 6 ավիաընկերության վրա, այդ թվում՝ ուղղաթիռով եւ նույնիսկ օդապարիկով թռիչքներ իրականացնելու դեպքում։ Թեպետ այս պահին կարծես թե միայն մեկ հայկական ավիափոխադրող ԵՄ տարածք չվերթներ ուներ։ Խոսքն «Արմենիա» ավիաընկերության մասին է, որը մինչեւ արտակարգ դրության հաստատումը կանոնավոր թռիչքներ էր իրականացնում Երեւան-Լիոն-Երեւան ուղղությամբ։

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գեւորգ Խաչատրյանը մեզ հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ հարցին, քանզի դեռ պետք է ուսումնասիրեն։

«Այդ թեմային կանդրադառնանք արտակարգ դրության իրավիճակի վերացումից հետո, որովհետեւ այս պահին «Արմենիա» ավիաընկերությունը զբաղված է մի քանի չարթերային չվերթներով, որոնք զուտ ՀՀ քաղաքացիների տարհանումն են իրականացնում Ռուսաստանի Դաշնությունից, նույն ՌԴ քաղաքացիներին ենք տեղափոխում Հայաստանից Ռուսաստան։ Այդ չվերթները հիմա մի փոքր շատացել են, գործընթացը մի փոքր բարդ է, որովհետեւ համաձայնեցվում է արտաքին գործերի նախարարության հետ, ռուսական կողմի ավիացիոն իշխանությունների հետ, եւ այս ծանրաբեռնված գրաֆիկում հիմա որեւէ գնահատական տալ, ինչ-որ բան ասել՝ ավելորդ եմ համարում, որովհետեւ դա մի քիչ լուրջ ուսումնասիրության կարիք ունի»,- ասաց Գ․ Խաչատրյանը։

- Դուք այս պահին, այսինքն, միայն չարթերայի՞ն չվերթներ եք իրականացնում։

- Ոչ թե չարթերային չվերթներն այնքան շատ են, որ դրանով ենք ծանրաբեռնված, այլ չարթերային չվերթները ժամանակատար են, որովհետեւ մեկ չվերթ իրականացնելը տեւում է մոտ 7-10 օր։

- Իսկ եվրոպական ուղղությամբ ունե՞ք չարթերային թռիչքներ։

- Եվրոպական ուղղությամբ հունիսի 2-ին ունեցել ենք Երեւան-Լիոն մարդասիրական թռիչք՝ այստեղից ֆրանսիացիների ենք տարել եւ այնտեղից հայերի բերել Հայաստան։

- «Արմենիա» ավիաընկերության ֆինանսական վիճակը որքանո՞վ է փոխվել արտակարգ դրության սահմանումից ի վեր, կորուստներ շա՞տ եք ունեցել։

- Որեւէ ուսումնասիրություն դեռ չենք արել, թե ինչ վիճակում ենք, ուր ենք գնում եւ ինչ ենք անում։ Բայց, բնական է՝ երբ գործող ավիաընկերություն էիր, ունեիր բիզնես-պլան, ունեիր չվերթներ, բնական է, որ վնասներ կրել ենք, բայց թե վնասի չափն ինչքան է, այս պահին որեւէ գնահատական չունենք։

- Եթե չեմ սխալվում, դուք վրացական ընկերության հետ համատեղ եք աշխատում ու նաեւ վրացական գրանցումով բորտեր ունեք, դրանցով թռիչքներ իրականացվո՞ւմ են։

- Մենք վրացական գրանցումով բորտեր չունենք, մենք ունենք հայկական սեփական մեր գրանցման երկու օդանավեր, ունենք ACMI համաձայնագիր վրացական ընկերությունների հետ՝ օդանավերի շահագործման, ոչ թե գրանցման:

- Հիմա այդ օդանավերը կարո՞ղ են ազատ թռիչքներ իրականացնել գոնե Վրաստանից:

- Այս պահին չեմ կարող ասել, պետք է էլի ուսումնասիրվի, նպատակահարմարությունը հասկանանք: Դրա համար եմ ասում՝ շատ լուրջ խնդիրներ են՝ որոշում կայացնելու կամ գնահատական տալու համար, մենք էսօր մեր առօրյա գործով ենք ավելի շատ զբաղված, առաջնահերթ խնդիրներ ունենք:

- Դուք մեզ ասել էիք, որ հարկ եղած դեպքում ձեր ավիաընկերությունը կարող է դիմել՝ այդ «սեւ ցուցակից» դուրս գալու համար: «Արմենիան» միանձնյա կարո՞ղ է դիմել եվրահանձնաժողովին, թե՞ խնդիրը Քաղավիացիայի կոմիտեի տիրույթում է:

- Ճիշտն ասած, ես պետք է լավ ուսումնասիրեմ այդ հարցը՝ հասկանալու համար, թե մեր ավիաընկերության լիազորությունները որտեղ են սկսվում եւ որտեղ են ավարտվում, եւ նույնկերպ որտեղ են սկսվում եւ ավարտվում Քաղավիացիայի կոմիտեի լիազորությունները այս հարցի շրջանակում: Ճիշտ կլինի, որ ինֆորմացիան թերի չտամ, կամ ոչ մասնագիտական չհնչի:

- Նկատի ունեմ՝ «Արմենիա» ավիաընկերությունը որեւէ բացթողում, թերացում ունեցե՞լ է, որ հայտնվել է «սեւ ցուցակում», թե՞ Քաղավիացիայի կոմիտեի խնդիրն է սա:

- «Արմենիա» ավիաընկերությունն ունեցել է TCO սերտիֆիկատ, ինչը խոսում է ավիաընկերության՝ եվրոպական ստանդարտներին համապատասխանելու մասին:

- Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվել, որ ձեր ընկերությունը եւս հայտնվել է «սեւ ցուցակում», եթե ամեն ինչ նորմալ է եղել:

- Դա չգիտեմ արդեն, դրա համար պետք է ուսումնասիրենք, նոր հասկանանք:

- Իսկ ե՞րբ կուսումնասիրենք:

- Հուսով եմ՝ հունիսի 13-ից հետո, երբ որ էս ամեն ինչն ավարտվի, քանի որ հիմա առաջնահերթ մի քանի ուրիշ խնդիրներ ունենք՝ համավարակ, համավարակի ընթացքում ավիաընկերության գոյատեւման հարց, չարթերային չվերթների կազմակերպում, այսինքն՝ սրանք են մեր առաջնահերթ խնդիրները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել