Hraparak.am-ը գրում է․

Հարցազրույց «Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հետ

- Վերջին օրերին ակտիվացել են իշխանությունների հեռացման պահանջները, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ պահանջներին:

- Որ ասեք, թե ովքեր են պահանջում, միգուցե պատասխանեմ:

- Բազմաթիվ մարդիկ, համացանցում շատերին պիտի տեսած լինեք՝ ընդդիմադիր դաշտից:

- Դուք Արթուր Վանեցյանի՞ն եք համարում ընդդիմադիր դաշտից… Ես ամիսներ առաջ եմ ասել, որ Արթուր Վանեցյանն իրավական պատասխանատվության պետք է ենթարկվեր, Դուք կարող եք նայել, թե ինչու: Իսկ իշխանության հրաժարականը կարող է պահանջել նրան ձայն տված քաղաքացին․ երբ որ պահանջեն, բնական է՝ այդպես էլ կլինի, որովհետեւ, ի տարբերություն իրենց ղեկավարած տարիների իշխանության եւ վարքագծի, այս իշխանությունը եկել է իշխանության ժողովրդի քվեով եւ հեռանալու է կրկին ժողովրդի քվեով:

- Դուք վստա՞հ եք, որ համացանցում հրաժարական պահանջողները ձեր ընտրողները չեն:

- Համացանցում հայտնի խմբակներ կան, որոնք գեներացնում են իրենց բազմահազարանոց ֆեյքերն ու ստեղծում նման էներգիա: Եթե համացանցից դուրս գաք ու մարդկանց հետ շփվեք, կզգաք, որ այլ տպավորություն է: Որ խնդիրներ կան կորոնավիրուսի հետ կապված, իհարկե՝ կան, կան բաներ, որ այլ կերպ պիտի լինեին։ Դա էլ ոչ ոք չի հերքում, եւ դրա համար էլ մարդիկ պատասխանատվության կենթարկվեն: Բայց այն, ինչ Դուք ասում եք, արհեստական ստեղծվող օրակարգ է՝ հայտնի մարդկանց կողմից:

- Ինչպե՞ս եք տարբերում՝ ով է ժողովուրդը, հատկապես ձեզ ձայն տված մարդիկ, ով է խմբակը:

- Ես տեսել եմ կոնկրետ Արթուր Վանեցյանի գրածը եւ արձագանքում եմ իր գրածին:

- Կարծում եք՝ միայն ի՞նքն է հրաժարական պահանջում, չկա՞ն ուրիշ մարդիկ:

- Ես ո՛չ Քոչարյանի կողմնակիցների ասածներն եմ ընդունում, ո՛չ Վանեցյանի․ կլինի ընտրություն, ու եթե ժողովուրդը չի ցանկանա մեզ իշխանության մեջ տեսնել, մենք չենք լինի:

- Ովքե՞ր են թերացումների հեղինակները, ո՞վ պետք է պատասխանատվության ենթարկվի: Ովքե՞ր են այսօրվա վիճակի մեղավորները, ըստ Ձեզ:

- Ես չեմ ասում, որ որեւէ մեկի մեղքն է, նախ եկեք ֆիքսենք, որ պրոցեսը եղել է անկառավարելի, ոչ մեկի համար սա հայտնի գործընթաց չի եղել, որ մենք էլ որոշեինք, թե ինչ քայլերով պիտի առաջ գնանք։ Դա վերաբերում է ամբողջ աշխարհին, որն այժմ լուրջ խնդրի առաջ է կանգնած: Այլ երկրների պես, մենք էլ ենք փորձում հաղթահարել այս խնդիրը, դրա համար ամեն օր կոչ ենք անում քաղաքացիներին, որ ամեն մեկը սոցիալական պատասխանատվություն վերցնի իր վրա:

- Դուք ասացիք՝ պատասխանատվության կենթարկվեն․ ո՞ւմ մասին է խոսքը, ի՞նչ պատասխանատվություն:

- Արտակարգ դրությունը կվերջանա, կվերլուծենք՝ որ պատասխանատուն ինչպես է այս ընթացքում կատարել իր աշխատանքը, եւ ըստ այդմ՝ հետեւություններ կանենք:

- Վարչապետը թերացե՞լ է, թե՞ ոչ, պարետատան նիստերից սկսած՝ ինքն անձամբ է վարում վարակի կառավարման պրոցեսը:

- Վարչապետը ջանք ու եռանդ չի խնայում աշխատելու, քաղաքացիների հետ ամեն օր երկխոսելու, նրանց դիմելու եւ ճիշտ է անում, որ դիմում է: Դա էլ է տարօրինակ մարդկանց համար՝ Հայաստանում առաջին անգամ են տեսնում ղեկավար, ով ամենօրյա ռեժիմով խոսում է իր քաղաքացիների հետ: Մենք այս պահին պետք է թիկունք լինենք նրան:

- Այսինքն՝ ինքը ոչ մի մեղք, թերացում չունի, որ այս վիճակն է ստեղծվել:

- Ոչ, իհարկե:

- Հենց նոր ԱԺ ամբիոնից Ձեր գործընկեր Նաիրա Զոհրաբյանն ասում էր՝ բավական է մեղքն ուրիշների վրա գցեք, երբ վարչապետը մի օր հայտարարում է՝ կորոնավիրուսն ում շունն է, պինցետով կբռնենք, արաղով կախտահանենք, նախարարն ասում էր՝ թեթեւակի վիրուս է, չպիտի՞ ակնկալեիք, որ այս վիճակն էր լինելու, եւ մարդիկ ուղղակի անլուրջ էին վերաբերվելու։ Ասում էր՝ ու էսքանից հետո մի սպառնացեք քաղաքացիներին, թե սպեցնազ կհանենք ձեր դեմ, որ կարգուկանոն հաստատի:

- Ոչ մեկը չի սպառնացել, թե սպեցնազ կհանի: Այն դիրքորոշումը, որ հիմա բռնել է քաղաքական ընդդիմությունը, անընդունելի է: Ամբողջ աշխարհում ընդդիմությունը պանդեմիայի ժամանակ համախմբվում է կառավարությանը՝ խնդիրները լուծելու։ Այստեղ իշխանության հարցը չէ, մարդկանց հարցն է: Ինչ վերաբերում է 4-5 ամիս առաջվա հայտարարությանը, վարչապետն ինքն ասաց, որ ոչ մեկս չէր պատկերացնում… աշխարհում չէին պատկերացնում, թե ինչ կարող էր լինել, ինչի հանգեցնել:

- Բա որ չէին պատկերացնում, ինչո՞ւ էին նման հայտարարություններ անում, հիմա էլ նեղվում են, թե շարքային քաղաքացիները չեն պատկերացնում:

- Ես կրկնում եմ, որ այդ վիճակն ամբողջ աշխարհում է եղել, սա նոր տեսակի վիրուս է: Եթե 4 ամիս առաջ, ամբողջ աշխարհի նման, մենք էլ չենք պատկերացրել, կամ վարչապետին զեկուցվել է այնպես, որ դա վտանգավոր վիրուս չէ, եւ նա բարձրաձայնել է՝ բնականաբար, լսելով այդ խորհուրդները: Ինքը հիմա ասում է՝ այո, չէինք պատկերացնում, բայց հիմա հասկանում ենք, թե ինչքան լուրջ է։ Ընդդիմությունը, կախված այդ մի հայտարարությունից, բաներ է ասում՝ այն պարագայում, երբ իրենց պատգամավորն արդեն մեկ շաբաթ է՝ չի գալիս նիստերին, քանի որ ԱԺ նախագահն արգելել է առանց դիմակի մտնել, իսկ այդ պատգամավորի համար ինքնասիրությունից ներքեւ է դիմակ կրելը, ինչի՞ մասին է խոսքը: Հիմա կառչում ենք 4 ամիս առաջ իրավիճակից, երբ ամեն ինչ անորոշ էր:

- Բայց շատ երկրներում կարողացան պայքարել վիրուսի դեմ, մեզ մոտ օրեցօր աճ է գրանցվում:

- Գուցե մեզ կողքից է այդպես թվում, նույն ԱՄՆ-ում արդեն 110 հազարն անցնում է, նույն Վրաստանում արտակարգ դրություն հայտարարելու առաջին օրվանից խիստ տուգանքներ են սահմանել, իմ հարազատն ասում էր՝ մոտ 3 հազար լարի: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ եթե մեզ մոտ, օրինակ, լիներ 1000-1500 դոլար տուգանք՝ դիմակ չկրելու համար, ինչ ալիք կբարձրանար: Այսօր էլ, այո, կան պատասխանատու քաղաքացիներ, եւ կան մարդիկ, ովքեր չեն հավատում վիրուսի գոյությանը: Այս ամենը փոխկապակցված է:

- Այսինքն՝ այս հարցում էլ ավելի քաղաքացիներն են մեղավոր, ոչ թե իշխանությունները։

- Ես չեմ կարող ասել։ Մեղքը վիրուսինն է, բայց այն հաղթահարելու համար մենք բոլորս պիտի կռիվ տանք:

- Վրաստանից եք խոսում․ մեզ մոտ էլ ե՛ւ տուգանքների, ե՛ւ տեղորոշման մասին օրենքն ընդունեցիք, ինչո՞ւ այսպես եղավ:

- Ինձ թվում է՝ հետո կունենանք այդ հարցի պատասխանը, պատասխանը կտան պատասխանատու մարդիկ, մենք, որպես խորհրդարան, այո, տվել ենք այդ հնարավորությունը, իսկ թե որ օղակն է թերացել, կիմանանք ավելի ուշ:

- Այնուամենայնիվ, ընդունո՞ւմ եք, որ կա թերացում։

- Եթե որեւէ տեղ որեւէ գործընթաց դուրս է գալիս վերահսկողությունից, նշանակում է, որ ինչ-որ տեղ թերացել են, բայց, հաստատ, վարչապետի մեղավորությունը չէ դա:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել