Hraparak.am-ը գրում է․

Վարչապետ Փաշինյանի  մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը վերջերս աղմկահարույց հայտարարություններ էր արել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ կապված։ Խոսնակը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել էր. «ԶՊՄԿ-ում (Զանգեզուրի պղնձամոլիպդենային կոմբինատ) Մ.Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերեւույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաեւ ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող»։ 

Քիչ առաջ Վանեցյանը, Վանաձորում «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում, անդրադառնալով Գևորգյանի՝ իր անվան շուրջ կատարած ֆեյսբուքյան գրառումներին, նշեց.«Այդ տեղեկությունները ամբողջովին կեղծ են, այդ տեղեկությունների հերքման պահանջով իմ փաստաբանները դիմել են դատարան, առաջիկայում կլինեն դատական նիստերը և, կարծում եմ, դատարանը կտա բոլոր հարցերի պատասխանները։ Ես հերթական անգամ պնդում եմ՝ այդ տեղեկությունները ամբողջովին կեղծ են։ Ի՞նչ եք կարծում, եթե այդ տեղեկությունները իրոք ճիշտ լինեին, միայն հայտարարություննե՞ր կարվեին։ Եթե ճիշտ լինեին, կլինեին քրեական գործեր, կլինեին մեղադրանքներ։ Եթե ինձ մեղադրում են գործարանի սեփականատեր լինելու մեջ, թող վարչապետը անձամբ հաղորդում ներկայացնի հանցագործության կատարման մասին, եթե կպարզվի, որ մեղավոր եմ , կկրեմ պատասխանատվություն, եթե կպարզվի, որ դրանք սուտ տեղեկություններ են, մեղադրանք կառաջադրվի Փաշինյանին՝ սուտ մատնության համար»,- ասաց Վանեցյանը։

Կուսակցության նախագահը, անդրադառնալով նաեւ եկեղեցու թեմային, նշեց , որ, միանշանակ, իշխանության կողմից եկեղեցու դեմ հատուկ կազմակերպված արշավ է եղել, որը շարունակվում է։
«Հայ առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը մեր կյանքում պետք Է լինի շատ բարձր և անսասան»,- նշեց Վանեցյանը։

Անդրադառնալով իր և իր նախկին ընկերոջ՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարաբերություններին, նշեց, որ Սիմոնյանին վերջին անգամ հանդիպել է 7-8 ամիս առաջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել