ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։

Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 20742 արձանագրություն, իսկ հունիսի 2-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 931 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Համաձայն Ոստիկանության տարածած տեղեկատվության՝ այսօր արտակարգ ռեժիմով ծառայության շրջանակներում ուժեղացված ստուգայցեր են իրականացվում մայրաքաղաքի Աջափնյակ ու Դավիթաշեն վարչական շրջաններում։ Բացի այդ, Ոստիկանությունն իր հայտարարության մեջ նաև հիշեցնում է, որ կարգախմբերը, համագործակցելով տեսչական մարմինների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել