Tert.am-ը գրում է․

Հայաստանում կորոնավիրուսի թվերը շատ խոսուն են, խայտառակ վիճակ է, այսպես շարունակվելու դեպքում ամերիկյան սցենարին ենք հասնելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բժիշկ-թերապևտ Լևոն Շահինյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին, թվերի աճին, ու այն հանգամանքին, որ մեկ միլիոն բնակչության հաշվով վարակվածների թվով Հայաստանը տարածաշրջանում առաջինն է:

Հարցին՝ ինչը բերեց այս պատկերին, բժիշկը պատասխանեց, թե խնդիրն այն է, որ ի սկզբանե լուրջ մոտեցում չի եղել, չեն պատկերացրել հիվանդության վտանգների մասին: «Չեմ կարծում՝ ուզել են ինչ-որ բան անել, չեն կարողացել, ուղղակի չեն հասկացել»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ի դրությամբ Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվելու և մահվան ռեկորդային թվեր են արձանագրվել. վարակվել է 517, մահացել՝ 20 քաղաքացի. վարակվածների ընդհանուր թիվը 10 009 է, մահվան դեպքերինը՝ 214:

Ի պատասխան հարցի, թե ինչպիսի՞ լուծում է տեսնում, քանի որ այս պահին բաց են տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը, հանրային տրանսպորտը, այս պարագայում խիստ կարանտինի անցումը կարո՞ղ է արդյունավետ լինել, Շահինյանը պատասխանեց, թե խիստ կարանտինի անցնելու դեպքում պետք է կարողանալ մարդկանց գոյամիջոցներով ապահովել:

«Չգիտեմ՝ ունե՞ն այդքան հնարավորություն, գուցե ունեն, հարց է՝ կցանկանա՞ն ապահովել: Իհարկե, լավ կլիներ, որ 20 օրից մինչև մեկ ամիս ժամկետով խիստ կարանտին սահմանվեր, բայց մի պայմանով՝ մարդկանց հացից չկտրեին: Դա կարող է դեպքերի նվազման բերել: Եթե Կառավարությունը կարողանա մարդկանց գոյությամբ ապահովել, այդ տարբերակն արդյունավետ կլինի: Մարդիկ հացի գումար չունեն, չեն աշխատում, եթե նորից խիստ միջոցների անցնեն, վիճակն էլ ավելի սուղ է լինելու: Եթե կարողանան ընտանիքներին նվազագույնը 100 000 գումար հատկացնել, որ կարողանան գոյատևել, և փակեն ամեն ինչ, սահմանեն պարետային ժամ, մարդիկ դուրս գան միմիայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ մթերային խանութ, դեղատներ, իսկ աշխատանքի գնան միայն նրանք, որոնց աշխատանքի անհրաժեշտությունը խիստ է»,-ասաց թերապևտը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել