168.am-ը գրում է․

Խորհրդարանի միջանցքներում խոսում են որ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» (ԼՀԿ) խմբակցության` ԱԺ լիագումար նիստերին մասնակցության բոյկոտն այլ մոտիվ նույնպես ունի և պայմանավորված չէ միայն այն հանգամանքով, որ խմբակցությունը քաղաքական գնահատականի է սպասում իշխող ուժից` կապված Սասուն Միքայելյանի գործողությունների հետ, երբ վերջինիս ու ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև ծեծկռտուք սկսվեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարի ելույթից հետո:

168.am-ին պատմեցին, որ ԼՀԿ-ն միայն այն ժամանակ է վերադարձել նիստերի դահլիճ, երբ քվեարկվել ու ընդունվել է աղմկահարույց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որը հասարակության մեջ առավել հայտնի է որպես Լանզարոտեի կոնվենցիա, այդպիսով խուսափելով այդ գործընթացին որևէ մասնակցություն ունենալուց:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանից փորձեցինք ճշտել, թե լուրն իրականության հետ ի՞նչ աղերս ունի:
Վերջինս կտրականապես հերքեց այդ տեղեկությունը` շեշտելով, որ իրենց բոյկոտն առհասարակ որևէ կապ չունի Լանզարոտեի կոնվենցիայի ընդունման հետ:

«Ես բազմաթիվ հարցազրույցներ եմ տվել ու խոսել կոնվենցիայի մասին, նշել, որ մենք կողմ ենք դրան, այնպես որ, կոնվենցիան ընդհանրապես կապ չունի մեր բոյկոտի հետ»,- ասաց Անի Սամսոնյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել