Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր վերջին տեսաուղերձի ժամանակ մեղադրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ապօրինի զենք վաճառելու մեջ՝ ներկայացնելով համապատասխան ապացույցներ, ըստ որոնց՝ զենքի վաճառքի մեջ ներքաշված ու նախկինների հետ շատ սերտ համագործակցած, իսկ իշխանատեղափոխությունից հետո Նիկոլի հետ լեզու գտած Դավիթ Գալստյանը՝ «պատրոն Դավիթը», ՀՀ ՊՆ-ի հովանու ներքո կամ անվան տակ բավական ցածր գնով զենք է գնել և վաճառել երրորդ երկրի։

Վարչապետի շրջապատը և նրան սպասարկող արբանյակները շատ զարմանալի բովանդակությամբ արձագանքեցին Մինասյանի այս խայտառակ բացահայտմանը։ Նրանք չհերքեցին, որ Դավիթ Գալստյանը ՀՀ ՊՆ-ի անվան քողի տակ զենք է գնել ու վաճառել երրորդ երկրի, որի համար 10 տարով նրան արգելվել է ՌԴ մուտքը, այլ հայտարարեցին, որ ժամանակին՝ 2000-ականներին, նախկին նախագահ Սերժ Սարգսյանին Վիկիլիքսի կողմից ևս մեղսագրվել են այդպիսի գործողություններ։

Բացարձակ մտադրություններ չունեմ պաշտպանելու նախկիններին, որոնց ներկայացուցիչներն արդեն են հանդես եկել այդ պատմության պարզաբանմամբ։ Բայց ինձ մի բան է հետաքրքրում․ երկու տարի իշխանության գլխին կանգնած Նիկոլն ու իր թիմը, որոնք ունեն բացարձակ իշխանություն նաև իրավապահ համակարգի նկատմամբ, մինչև հիմա ի՞նչ են ձեռնարկել, որ ապացուցեն և բացահայտեն նախկին նախագահին վերագրվող ապօրինի զենք վաճառելու այդ պատմությունը և պատժեն մեղավորին։ Ես մտադրություն չունեմ հավատալու Վիկիլիքսին, քանի դեռ այդ պատմության վերաբերյալ այս երկու տարվա մեջ մի բառ չի ասել երրորդ նախագահի գլխավոր թշնամի Փաշինյան Նիկոլը։ Իշխանությունների և նրանց սպասարկողների այս զավեշտալի արձագանքը, երբ չեն հերքում իրենց կուռքին վերագրվող հանցագործությունը՝ հղում տալով նախկինների ապօրինություններին, ապացուցում է, որ Մինասյանը ճիշտ է ասում։ Ըստ նիկոլականների և Փաշինյանի արբանյակների արձագանքի` ստացվում է, որ նախկին նախագահին չեն մեղադրում և պատժում, որ իրենք էլ նույն ապօրինություններով զբաղվեն։

Նույնաբովանդակ էժանագին պատասխան եղավ նաև ծխախոտի մաքսանենգ արտահանման վերաբերյալ, երբ վարչապետ Նիկոլը հայտարարեց, որ վերջին 5 տարում (3 տարի՝ Սարգսյանը, իսկ 2 տարին էլ՝ ինքը) այդ ձևով ծխախոտ են տարել, բայց կրկին որևէ ապացույց մինչև հիմա չներկայացնելով այն բանի վերաբերյալ, որ նախկինի օրոք ևս այսպիսի անօրինականություններ են եղել։

Զավեշտալի էր ՀՀՇ-ՀԱԿ-ականներից ոմանց արձագանքը, ըստ որոնց՝ Միշիկը Ադրբեջանին գործ տվող ստոր դավաճան է։ Իրո՞ք։ Իսկ որտե՞ղ էին այս մեղադրողները, երբ ՀՀՇ-ՀԱԿ-ի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանին ընտրակեղծարարության մեջ մեղադրած և չարիք անված Նիկոլ Փաշինյանը մոտ երկու ամիս առաջ Քաղավիացիայի հետ կապված սկանդալի ժամանակ ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ մեր ավիաընկերություններն Աֆրիկայում ապօրինի զենք են տեղափոխել և այլ անօրինական գործունեություն են ծավալել։ Հետաքրքիր է, ըստ իրենց՝ Հայաստանի վարչապետի արածն ի՞նչ էր։ Բայց, չգիտես ինչու, Միշիկի չփաստագրված դավաճանությունը տեսնողները Նիկոլի փաստագրված դավաճանություններն ու որպես երկրի ղեկավար Հայաստանը խայտառակելը չեն տեսնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել