168.am-ը գրում է․

Երբ Նիկոլ Փաշինյանը ստանձնեց վարչապետի պաշտոնը՝ հավանաբար չէր էլ պատկերացնում, որ մի օր էլ իր իշխանությունը կարող է բախվել այնպիսի տնտեսական դժվարությունների հետ, որոնք տակն ու վրա կանեն ամեն ինչ՝ ևս մի քանի տարով հետ շպրտելով երկիրը։ Այն, որ այդ դժվարությունների հետևանքով տնտեսությունը կարող է այլևս դադարել նախկինը լինել և ոչ միայն աճ չունենալ, այլև նվազել, որ խոստացած լավ ապրելու փոխարեն՝ մարդիկ կհայտնվեն էլ ավելի ծանր սոցիալական դրության մեջ, որ երկրում գործազրկությունը կավելանա, իսկ աղքատությունը կխորանա, որ կառավարության նախկին խոստումներն ու ծրագրերն այլևս առոչինչ կդառնան։ Ու ստիպված պետք է լինել ամեն ինչ նորից սկսել, եթե, իհարկե, նման շանս կրկին տրվի։

Այսօր իշխանությունը կանգնած է ահա այսպիսի ջրբաժանի առաջ։ Ժամանակը վաղուց չէր աշխատում նրա օգտին, հիմա առավել ևս՝ «թավշյա հեղափոխության» անիվը մեծ արագությամբ հետ է պտտվում։ Իշխանությանը լավ օրեր չեն սպասվում։ Այն կորցրել է նախկին փառքն ու վստահությունը։ Եվ դա պատահական չէ։

Իշխանափոխությունը չտվեց այն, ինչին սպասում էին «հեղափոխության» օրերին փողոց դուրս եկած, ճանապարհ փակած, նախկին արատավոր երևույթներին ու դրանց հեղինակներին անվստահության հայտնած քաղաքացիները։ Նրանք մեծ հույսեր էին կապում «հեղափոխության» հետ։ Բայց դրանից 2 տարի անց բախվել են շատ ավելի ծանր սոցիալական դժվարությունների հետ։ Կյանքը լավանալու փոխարեն՝ էլ ավելի է վատացել և դեռ շարունակում է վատանալ։ Ու հիմա շատերը հավանաբար իրենց հարց են տալիս՝ իսկ ի՞նչ շահեցին «հեղափոխությունից»։

Շահողներ, իհարկե, եղել են, բայց նրանք, ովքեր տեղ զբաղեցրեցին իշխանության փափուկ բազկաթոռներին և միլիոնների հասնող աշխատավարձ ու պարգևավճար են ստանում։ Մինչդեռ, հազարավոր հպարտ քաղաքացիներ անգործ են մնացել և զրկվել նույնիսկ օրվա հացի փողից։

Երբ Նիկոլ Փաշինյանը հպարտանում է, որ պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացումը եղել է իր խոստումներից մեկը, որն էլ կատարել է, պետք է հիշի նաև ժողովրդին տված այն բազմաթիվ խոստումները, որոնք մնացել են անկատար։ Ու դեռ մնալու են։

Հայաստանի տնտեսությունն այսօր կոլապսի մեջ է, հարցականի տակ է պետական բյուջեի կատարումը, գնալով սրվում է սոցիալական իրավիճակը, ավելանում են դժգոհությունները։ Տնտեսության բազմաթիվ ոլորտներ այլևս առաջվանը չեն և չեն լինելու։ Փակվելու են տասնյակ-հազարավոր աշխատատեղեր։ Միջազգային կազմակերպությունների կանխատեսումներով՝ գործազրկության մակարդակը Հայաստանում կխորանա առնվազն 1,3 տոկոսով՝ վերստին հասնելով 19 տոկոսի։

Դա նշանակում է, որ բազմաթիվ մարդիկ կկորցնեն իրենց աշխատանքը, եթե արդեն չեն կորցրել։ Չնայած առանց այդ էլ՝ երկրում գործազրկության պակաս չկար։ Վերջին տվյալներով՝ ավելի քան 202 հազար մարդ աշխատանք չունի։

Իշխանությունները խոստանում էին նվազեցնել աղքատությունը։ Բայց հիմա ստիպված են բախվել այլ իրականության հետ։ Այլևս նման ակնկալիքներ չկան։ Հիմա սպասումները հակառակն են։

Ամեն ինչ գնում է դեպի վատացում։ Համավարակի դեմ պայքարի կառավարության անկարողության հետևանքով՝ անհետացել են նաև այն չնչին աճի ակնկալիքները, որոնք մի պահ կային Հայաստանի տնտեսության նկատմամբ։ Տնտեսությունը մտել է խորը անկման փուլ. 2 ամիս անընդմեջ նվազում է արձանագրվում։

Միջազգային ու տեղական կառույցները շատ ավելի զգուշավոր են դարձել տնտեսության վերաբերյալ իրենց կանխատեսումներում։ Եթե ոչ վաղ անցյալում դեռևս աճի որոշակի հույսեր կային, ապա հիմա սպասումները միայն բացասական են։ Մի քանի ամիս առաջ, երբ իրավիճակն անհամեմատ լավ էր, Արժույթի Միջազգային Հիմնադրամը Հայաստանի տնտեսության անկումը գնահատել էր 1,5 տոկոս։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին կլինի գնահատականը հիմա։

Եվրոպական զարգացման բանկը, որը մինչև վերջերս հատուկ վերաբերմունք էր ցուցաբերում Հայաստանի տնտեսության նկատմամբ, ԱՄՀ-ից ավելի է իջեցրել տնտեսական աճի ակնկալիքը. կանխատեսվում է 3,5 տոկոսանոց անկում։

Ռիսկերը շատ են՝ ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ՝ սոցիալական ոլորտում։ Այն մի քանի հազար դրամ աջակցությունը, որը տրամադրվեց աշխատանքը կորցրած քաղաքացիներին՝ մեծ բան չէր կարող փոխել։ Տասնյակ-հազարավոր քաղաքացիներ այսօր կանգնած են օրվա հացը վաստակելու խնդրի առաջ։

Գործունեության 2 տարում կառավարությանն այդպես էլ չհաջողվեց քիչ թե շատ դրական փոփոխություններ մտցնել հասարակության սոցիական վիճակի մեջ։ Իշխանափոխությունից հետո էլ մարդկանց եկամուտները շարունակեցին նույնքան դադաղ ավելանալ, որքան նախկինում։ Չլուծվեց աշխատատեղերի խնդիրը, որին շատերն էին սպասում։ Արտաքուստ մի քանի տասնյակ հազար հայտարարագրված աշխատող ավելացավ, սակայն գործազրկության իրական պատկերը չփոխվեց։ Դրանք աշխատատեղեր էին, որոնք մինչ այդ էլ կային։ Նորեր գրեթե չստեղծվեցին կամ շատ քիչ էին։ Իշխանությունն իրեն ազատեց այդ հոգսից և ամբողջ ծանրությունը դրեց քաղաքացու վրա, ով պետք է դատարկ գրպանով մտածեր իր և ուրիշների համար աշխատատեղ ստեղծելու մասին։

Իշխանափոխությունից մարդկանց սպասելիքները շատ մեծ էին։ Տարիներ շարունակ նրանց խոստացել էին, որ գալու են, ու ամեն ինչ լավ է լինելու։ Ներդրումները հոսելու են Հայաստան, տասնյակ-հազարներով աշխատատեղեր են բացվելու, աշխատավարձերն ու կենսաթոշակները կտրուկ ավելանալու են, կյանքը լավանալու է։ Բայց այդպես չեղավ։ Եվ ոչ միայն չեղավ, այլև հիմա ավելի վատ է, քան նախկինում էր։

Տնտեսությունը ևս մի քանի տարով հետ շպրտվեց։ Դեռ պետք է սպասել, թե այն երբ կրկին կգա նախկին ստարտային վիճակին, որպեսզի հնարավոր լինի մտածել ապագայի մասին։

Առաջիկա առնվազն 2 տարիներին անիմաստ է սպասել սոցիալական ծախսերի՝ կենսաթոշակ, նպաստ, աշխատավարձ, ավելացման։ Առանց այն էլ բյուջեի վրա սոցիալական բեռը մեծ է։ Բյուջեի եկամուտների սպասվող կրճատման հետևանքով նույնիսկ կարող ենք բախվել եղած ծախսերը լիարժեք կատարելու դժվարությունների հետ։ Չի բացառվում, որ արդեն հաջորդ տարի դրանք նույնիսկ կրճատվեն։

Այս իրավիճակը բոլորովին էլ իշխանությունների օգտին չէ։ Երկիրը կանգնած է ոչ միայն տնտեսական ու սոցիալական ծանրագույն խնդիրների առաջ, այլև համավարակի հետևանքով՝ սպառնալիքի տակ է հասարակության անվտանգությունը։ Ու դրա թիվ 1 պատասխանատուն իշխանություններն են, որոնք իրենց պոպուլիզմի ու քաղաքական շահերի պատճառով՝ երկիրը հասցրեցին այս օրվան։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել