Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը Facebook-յան իր էջում քիչ առաջ հերքել է «Առաջին լրատվականին» տրված իր հարցազրույցի հանրային այն ընկալումը, համաձայն որի, խոսելով «անկախ սեռից» իրար գտած երկու մարդկանց երջանկության մասին իր հավատքից, Աննա Հակոբյանը նկատի է ունեցել միասեռականներին ու այլասերված նմանատիպ այլ երևույթների։ Ու չնայած վարչապետի տիկնոջ խոսքերը լիովին կարող էին այդպես մեկնաբանվել, որովհետև գրեթե բառացի է ասել, այնուամենայնիվ ես կասկած անգամ չունեի, որ խոսքը նորմալ զույգերի և մարդկային նորմալ երջանկության մասին է։

Բայց ի՞նչն է պատճառը, որ Աննա Հակոբյանի խոսքը այդպես ընկալվեց։ Կարծում եմ՝ պատասխանը պարզ է։

Մի բան պատմեմ։ Փոքր ժամանակ, երբ 7-րդ կամ 8-րդ դասարանում էի դեռ սովորում, համադասարանցիների հետ այդ տարիքի երեխաների համար զվարճալի մի խաղ էինք խաղում։ Վերցնում էինք ցանկացած տեքստ՝ թերթերից կամ թեկուզ դասագրքերից և, մտքում ինչ-որ «խուժան» կոնտեքստ պահելով, ընթերցում այն։ Շատ ծիծաղ բան էր ստացվում։ Անգամ դասական գրականության տեքստերը «համապատասխան» կոնտեքստով ընթերցելիս, անհավանական ու խայտառակ մի բան էին դառնում՝ առաջ բերելով խաղացողներիս ծիծաղը։

Կարծում եմ հասկացաք, թե ինչու հիշեցի մանկության այս «անշնորհքությունը»։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այնքան զգայուն է եղել լգբտ-ների նկատմամբ, այնքան շատ է հոգացել նրանց իրավունքների համար և այնքան ջանասիրաբար է պաշտպանել այլասերված այդ երևույթներին, որ Աննա Հակոբյանի խոսքն այսօր այլ կերպ երևի չէր էլ կարող ընկալվել։ Դա շատ պարզ և տրամաբանական ընկալում է։ Մարդիկ գիտեն, որ այս իշխանություններից դա հեռու չէ, սպասելի է, դրա համար էլ ինչպես կարողանում, այդպես էլ պաշտպանվում են։ Նորմալ է։

Բայց փոքրիկ այս դրվագը մի հետաքրքիր առանձնահատկություն էլ ունի։ Փաստորեն վարչապետի ընտանիքն այնուամենայնիվ հերքում է այն, ինչ հնարավոր է հերքել։ Կոնկրետ այս հարցում նրանք տեսան այդ հնարավորությունը և շատ արագ արձագանքեցին, ինչը չի կարելի ասել ծխախոտի, ադամանդի, հիմա արդեն նաև զենքի սև շուկայում արված գործարքների մասին։ «Ով ինչին ուզում է, թող հավատա» սկզբունքն այս դեպքում չգործեց։ Եվ սա պետք է փաստել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել