168.am-ը գրում է․

«Զարմանալի է, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանում գործ ունենք կորոնավիրուսի երկրորդ փուլի հետ, այս արտահայտությունը նույնիսկ ռուսական հեռուստաալիքի եթերում դարձավ քննարկման առարկա: Հայաստանում որևէ երկրորդ փուլ էլ չկա. դա առաջին փուլն է, որն իշխանությունների բացթողումների արդյունքում բավական լայն մասշտաբների է հասել: Վարակի երկրորդ ալիքի մասին խոսվում է, որ այն կարող է լինել աշնանը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով վարակի երկրորդ ալիքի վերաբերյալ վարչապետի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ կորոնավիրուսի տարածման հետ կապված՝ Հայաստանում տիրում է բավականին ծանր վիճակ:

«Ըստ էության, կարող ենք ասել, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք։ Վերջին շրջանում մեր քննարկման թեման իրավիճակի պատճառները հասկանալն է և քննելը։ Մի քանի օր շարունակ քննարկում ենք հետևյալ հարցը, թե ինչքանո՞վ են պարետատան կողմից սահմանված կանոնները համապատասխանում իրավիճակին, և ինչքանո՞վ դրանք կարող են լինել ունիվերսալ։ Մեր բազմակողմանի այդ մասնագիտական քննարկումների եզրակացությունը միանշանակ է, որ պարետատան սահմանած կանոնները համարժեք են իրավիճակին, և իրենք բովանդակային առումով էֆեկտիվ են, և խնդիրն այստեղ մնում է այդ կանոնների պահպանումը»,- ասել էր վարչապետը:

Անդրադառնալով այս իրավիճակում Կառավարության կողմից տարվող  աշխատանքներին՝ քաղտեխնոլոգն ասաց, որ իշխանությունները, հատկապես՝ վարչապետը, մտածելով իր անձնական վարկանիշի մասին, խիստ կարանտինը մինչև վերջ չտարավ:

«Բանն այն է, որ կարանտինի հետ կապված բողոքները խիստ թուլացրեցին վարչապետի վարկանիշը, ինչից հետո նա որոշեց թուլացնել խիստ ռեժիմը: Փաստորեն, ստացվեց, որ երկու ամիս խիստ կարանտինից հետո՝ այն դադարեցվեց, որից հետո մեծ թվով վարակվածներ են գրանցվում, նաև մահերի թիվն է ավելանում: Առհասարակ նման դեպքերում երկրի ղեկավարությունը ներողություն է խնդրում իր երկրի բնակիչներից և հրաժարական է տալիս: Սակայն չեմ կարծում, որ մեր երկրում նման բան տեղի կունենա, որովհետև վարչապետն իշխանությունը զիջող չէ, եթե նրան չստիպեն, իսկ ստիպել կարող են միայն այն դեպքում, երբ նրա հիմնած խմբակցությունը փլուզվի: Վերջինը շատ ավելի հավանական է»,- հավելեց քաղտեխնոլոգը:

Ինչ վերաբերում է արտակարգ դրությունը մեկ ամսով երկարաձգելու մասին խոսակցություններին՝ Արմեն Բադալյանն ասաց, որ, եթե նույնիսկ մեկ ամսով էլ երկարաձգեն արտակարգ դրությունը, ապա դա իրավիճակի առումով ոչինչ չի փոխելու, որովհետև այսօր կյանքն այնպես է, ինչպես արտակարգ դրությունից առաջ:

«Արտակարգ դրությունը նրա համար է, որ այս պահին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հարցն է դրված, եթե արտակարգ դրությունը հանեին, պետք է հանրաքվեի անցկացնելու օր նշանակեին: Հանրաքվեի արդյունքում անհրաժեշտ քանակությամբ ձայն չէին կարողանալու ապահովել, քանի որ հասարակությունը տեսավ ապիկար իշխանությունների քայլերը՝ այդքան վարակվածներ ունեցանք զուտ իշխանությունների սխալ քաղաքականության արդյունքում: Հիմա իշխանությունները պահն օգտագործում են, որպեսզի հասկանան, թե ինչպես կարող են չեղյալ հայտարարել հանրաքվեն:

Այդուհանդերձ, ամեն ինչ կախված է նրանից, թե մինչև հունիսի 13-ը Վենետիկի հանձնաժողովը կհասցնի՞ պատասխանել իշխանություններին, թե՞ ոչ: Եթե չհասցնի ուղարկել, ԱԺ-ում պետք է արագ որոշում կայացնեն: Համաճարակի հետ կապված՝ իշխանություններին ոչինչ չի հետաքրքրում, նրանց միայն հետաքրքրում է, թե ինչպես անեն, որ մնան իշխանության, որովհետև հասկացել են, որ, եթե գնան, այլևս չեն վերադառնալու, մոտակա 20 տարում՝ հաստատ: Նրանցից անհատներ կարող են դառնալ պատգամավորներ, բայց նրանք չեն կարող վերադառնալ, և սա արդեն շատ լավ հասկանում են»,- եզրափակեց Արմեն Բադալյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել