168.am-ը գրում է․

Հայ-վրացական հարաբերություններում առաջացած վերջին տհաճ միջադեպից  հետո Վրաստանը Հայաստանին առողջապահական աջակցություն է  առաջարկում։ Վրաստանի  հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը՝ իր իրավասությունների շրջանակում, պատրաստ է օգնել Հայաստանին, եթե դրա կարիքը լինի: Այս մասին ասել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեն:

«Մեկ շաբաթ առաջ փոքր անհասկացվածություն եղավ: Մենք եղբայրական ազգ ենք, միշտ իրար կողքի կանգնած ենք, լավ հարաբերություններ ունենք: Հայաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ մշտապես հաջող համագործակցություն ենք ունեցել, փոխանակել ենք տարբեր միջոցներ, պատվաստանյութեր և այլն. դա եղել է հեպատիտ C-ի ժամանակ նաև` 2-3 տարի առաջ, և այլն: Եթե Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնը մեզ՝ որպես հիվանդությունների վերահսկման կենտրոնի, դիմի` թեստավորման կամ այլ խնդիրների հետ կապված, մենք մեր իրավասության շրջանակներում պատրաստ ենք օգնել»,- ասել է Գամղրելիձեն` վստահեցնելով, որ հարկ եղած դեպքում Վրաստանի կառավարությունը, Առողջապահության նախարարությունն ամեն ջանք կգործադրեն՝ Հայաստանին օգնելու համար:

Սրանից բացի, հայտնի է դարձել, որ Վրաստանը Հայաստանին տեղական արտադրության 4 հազար բարձրորակ բժշկական դիմակ է նվիրել։ Վրաստանի դեսպանի օգնությամբ դիմակներն ուղարկվել  են ՀՀ նախագահին և առողջապահության նախարարին և գործարար, կառավարական շրջանակների ներկայացուցիչներին՝ ի նշան երկար տարիների բարեկամության և համագործակցության:

Նույն Գամղրելիձեն, սակայն, ավելի վաղ  զարմանքով էր անդրադարձել մայիսի 22-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի որոշ հայտարարությունների  Վրաստանի   հակահամաճարակային համակարգի մասին։ Հարկ է նաև նշել, որ հայկական կողմը ափսոսանք էր հայտնել այդ հայտարարությունների համար։

Վրացի քաղաքական վերլուծաբան Սոսո Ցինցաձեն մեզ հետ զրույցում նշեց, որ նախ՝ սա խորհրդանշական քայլ է այն անախորժությունից հետո, որը  տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի համապատասխան գերատեսչությունների միջև, ինչը ցույց է տալիս Վրաստանի բացառիկ վերաբերմունքը հարևան Հայաստանի նկատմամբ։ Սա, վերլուծաբանի խոսքով, նշանակում է, որ «ներողությունն ընդունվել է», և Վրաստանը փորձում է վերջնականապես հարթել իրավիճակը։

«Բայց նաև հասկանում ենք, որ Վրաստանը, որը փորձում է թուլացնել սահմանափակումները, վերականգնել հաղորդակցությունը, հետևում է նաև հարևան գոտիներում, երկրներում վարակի զարգացմանը, նոր օջախներին, որոնք կարող են սահմանափակումների վերացման դեպքում ներթափանցել Վրաստան, ուստի կարող է աջակցել հարևան շրջաններում վիրուսի դեմ պայքարին։ Վրաստանը կոնկրետ առաջարկ է անում՝ աջակցելու Հայաստանին, որտեղ ներկայումս դեպքերն էապես շատ են, և, ինչո՞ւ ոչ, Վրաստանը կարող է շատ հարցերում օգտակար լինել։ Այսինքն՝ հաշվի է առնվում ՀՀ-ում տիրող իրավիճակը։ Կարծում եմ՝ կարող են բանակցություններ ծավալվել այս ուղղությամբ։ Բայց հասկանում եմ նաև, որ ՀՀ իշխանությունները գուցեև չցանկանան ստանալ աջակցություն այն բնույթի, ինչ Վրաստանն է առաջարկում, քանի որ գուցե դա նշանակի, որ սեփական միջոցները չեն բավականացնում՝ իրավիճակը լիովին կառավարելու համար։ Վրաստանը ցանկանում է իր հաջող փորձով կիսվել, գուցե դա միանշանակ օգտակար կլինի հարևան Հայաստանի համար»,- ասաց Ցինցաձեն։

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը 168amի հետ զրույցում խոսելով վրացական առաջարկի մասին և պատասխանելով մեր այն հարցին, թե արդյո՞ք ընդունվելու է վրացական առաջարկը՝ ասաց, որ հայկական կողմը Վրաստանի հետ մշտապես համագործակցել է։

«Մենք Վրաստանի հետ  միշտ համագործակցել ենք բոլոր մակարդակներում՝ նախարարից մինչև  մասնագետ, և այդ համագործակցությունը շարունակական է լինելու, և կարիքի դեպքում  մենք միշտ էլ ձեռք ենք մեկնելու, թե մենք՝ իրենց, թե իրենք՝ մեզ, այսքանը, ուրիշ բան չունեմ մեկնաբանելու»,- նման ընդհանրական պատասխաններ տվեց ԱՆ խոսնակը։

Մեր այլ հարցերի, թե ներկայումս նման կարիք չկա՞, և այս պահին Հայաստանը ստանո՞ւմ է աջակցություն Վրաստանից, նա պատասխանեց, որ թեմայի առնչությամբ ավելացնելու ոչինչ չունի։

Սակայն թեմայի վերաբերյալ մի շարք հարցեր բաց են մնում։ Եթե այս ոլորտում համագործակցությունը հայ-վրացական համապատասխան գերատեսչությունների միջև սովորական բնույթ է կրում, ինչո՞ւ է Գամղրելիձեն նման կոնկրետ առաջարկով հանդես գալիս հրապարակային ձևով, ի՞նչ պատասխան է ստացել հայկական կողմից Գամղրելիձեն, կամ ինչո՞ւ է հայկական կողմը խուսափում հրապարակային մանրամասներից ու կոնկրետ «այո» կամ «ոչ» պատասխանից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել