168.am-ը գրում է․

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օրերս կադրային նոր նշանակումների մասին ֆեյսբուքյան տեսաուղերձում պատասխանեց նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ մասնավորապես նշելով.

«Ուժի լեզվով երբևէ չհամարձակվեք խոսել մեզ հետ: Մենք պատրաստ ենք խաղաղ ճանապարհով, բանակցության միջոցով հարցի խաղաղ տրամաբանական լուծմանը, և այն հայտարարությունը, որ դու արել ես՝ փուլային, որ միայն այդ տարբերակն է՝ իհարկե, փուլային կարող է լուծվել, բայց փուլային լուծումը մի տարբերակով՝ առաջին հերթին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչում, երկրորդ հերթին՝  անվտանգության մեր երաշխիքների ընդունում, որից հետո արդեն՝ բանակցություններ: Այլ տարբերակ չի լինելու»:

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարություններին՝ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց. «Փուլային տարբերակի մասին խոսելը բոլոր դեպքերում անթույլատրելի է, որովհետև դա մի տարբերակ է, որը մշակվել է Ադրբեջանում, և դա թշնամու առաջարկած օրակարգն է»:

Ըստ քաղաքագետի՝ Արայիկ Հարությունյանի հնչեցրած կետերը միանշանակ չեն հայկական կողմի համար, իսկ ադրբեջանական կողմը կարող է սկզբնական փուլում ընդունել որոշակի «բայց»-եր՝ մեկ նպատակով՝ բանակցային պրոցեսում իր մշակած օրակարգը հիմնական փաստաթուղթ դարձնելու համար.

«Օրինակ, երբ խոսում ենք ազգերի ինքնորոշման իրավունքի մասին, դա դեռևս չի նշանակում, որ հարցը գնալու է Արցախի անկախության միջազգային ճանաչմանը, որովհետև ինքնորոշում կարող է լինել նաև Ադրբեջանի կազմում, և վստահաբար կարող ենք ասել, որ Ադրբեջանը կարող է ընդունել Արցախի նախագահի այդ առաջարկը, բայց հետո՝ կոնկրետ առաջին կետին տալ իր մեկնաբանությունները:

Նույնը վերաբերում է նաև երկրորդ կետին՝ անվտանգության երաշխիքների մասին խոսքին, որտեղ կրկին բավականին շատ զիջումների տեղ ունեն ադրբեջանցիները և կարող են առաջնորդվել դրանով:

Հետևաբար, իմ կարծիքով, ամեն դեպքում, դիվանագիտության մեջ պետք է չափազանց զգույշ լինել՝ նախևառաջ՝ խուսափել հակառակորդի օրակարգերում հայտնվելու ռիսկից, նրանց կողմից մշակած փաստաթղթերը գլխավոր դարձնելու ռիսկից, և երկրորդ՝ հայկական կողմի պահանջները հնչեցնելուց՝ հստակ գնահատականներ տալ, թե խոսքն ինչի մասին է (որովհետև, նորից եմ կրկնում,  բոլոր նշված կետերը կարող են տարբեր մեկնաբանությունների առիթ տալ):

Հարցին՝ արդյո՞ք Արցախում վերջին նշանակումները՝ հատկապես ԱԳ նախարարի պաշտոնում Մասիս Մայիլյանի վերանշանակումը, նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցում իրենց դիրքորոշումների համաձայնեցումից ելնելով է եղել, Հրանտ Մելիք-Շահնազարյանը պատասխանեց.

«Ես կարծում եմ, որ նշանակումները՝ թե՛ Մասիս Մայիլյանի, թե՛ Սամվել Բաբայանի, ուղղորդված էին պաշտոնական Երևանի կողմից, նաև տեղեկություն ունեմ, որ Արցախում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո այդ երեք թեկնածուներն այստեղ հանդիպել և քննարկել են Հայաստանի իշխանության բարձր ներկայացուցիչների, այդ թվում՝ նաև վարչապետի հետ իրենց հետագա անելիքները:

Այն մասին, որ Սամվել Բաբայանը և Արայիկ Հարությունյանը միևնույն ծրագրի մաս են կազմում, ես հայտարարել եմ դեռևս անցյալ տարվա օգոստոսին (ավելի վաղ էլ, բայց օգոստոսին Ստեփանակերտում առաջին անգամ նրանք մասնակցեցին համատեղ քաղաքական ակցիայի, երբ Նիկոլ Փաշինյանն էր ելույթ ունենում հանրահավաքին):

Այդ պահից սկսած, ես կարծում եմ, որ համագործակցությունն ընթացել է նորմալ հունով:

Այդ համագործակցության գլխավոր նպատակն ընդդիմադիր զանգվածի ձայները դեպի Սամվել Բաբայանը շրջելն էր, հետո՝ դրանք ծառայեցնելն Արայիկ Հարությունյանին:

Ցավոք, ինձ համար անակնկալ որևէ բան չկար. Ես սպասում էի նման զարգացումների, ափսոս միայն, որ Արցախի ընտրողները խաբվեցին այսօր արդեն պաշտոն ստացած Սամվել Բաբայանի, Մասիս Մայիլյանի և նաև Արայիկ Հարությունյանի կողմից»:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ Արցախի նորընտիր նախագահի՝ բանակցությունների մասին հայտարարությունները համընկնում են ԼՂ հակամարտության կարգավորման տեսլականի հարցում պաշտոնական Երևանի տարբերակի հետ՝ հարցին ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց.

«Խոսքը դիրքորոշումների լիովին սինխրոնիզացիայի մասին է: Նախկինում գոյություն ունեցած այդ մոտեցումների տարբերությունը, որն ինչ-որ տեղ դիվանագիտական անվտանգության գոտի էր հայկական կողմերի համար միջազգային հարթակներում, այսօր ոչնչացվում է: Եվ եթե Արայիկ Հարությունյանը շարունակի ընթանալ այդ ուղղությամբ, ապա կարելի կլինի ասել, որ Արցախը նաև միջազգային քաղաքական հարթակներում իր խոսքն ասելու տեսակետից կորցնում է սուբյեկտայնությունը:

Դիրքորոշումների 100 տոկոսանոց համընկնումը, որի մասին նախկինում նույնպես խոսել է վարչապետը, այսօր արդեն պաշտոնական մակարդակով է ի ցույց դրվում:  Ես կարծում եմ, որ սա վտանգավոր զարգացում է, որովհետև բանակցությունների ժամանակ Արցախին հղվելու կամ Արցախի կարծիքը հաշվի առնելու հնարավորությունից կզրկվի պաշտոնական Երևանը, և այն, ինչ պարտադրվի Նիկոլ Փաշինյանին, պարտադիր կլինի նաև Արցախի նախագահի համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել