2018 թ.-ի իշխանատեղափոխությունից հետո վարչապետի աթոռը զբաղեցնող նախկին ընդդիմադիր և բացահայտ հակառուսական հռետորաբանությամբ աչքի ընկնող Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո կտրուկ փոխեց իր հակառուսական դիրքորոշումը, բայց այս երկու տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերություններում առաջացած խնդիրներն ապացուցում են, որ Փաշինյանի վարչակարգում բարձր պաշտոններ զբաղեցնող հակառուսական դիրքորոշումն ունեցող բազմաթիվ պաշտոնյաներ` «հպարտ, հզոր և անկախ Հայաստանի» դիրքերը վերականգնելու և կառուցման քողի տակ փորձում են իրենց հետևում կանգնած և իրենց իշխանության բերած ուժերի պատվերով ու հանձնարարությամբ հասարակության մեջ սերմանել այն կարծիքը, որ մեզ վերը նշված իղձերի իրականացման համար խանգարում է Մոսկվան, սողացող և բացահայտ ձևերով իրականացնում են հակառուսական քարոզ և հռետորաբանություն: Պատմություն չիմացող, քաղաքականությունից և աշխարհաքաղաքականությունից շատ հեռու, Երևանի և նրա հարևանների, ինշպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հասարակության անտեղյակ մի զգալի մասսան իրոք հավատացել է, որ մեր բոլոր դժբախտությունների համար մեղավոր է միայն Ռուսաստանը, իսկ մենք էլ այս տարածաշրջանում կարող ենք միայնակ ապահովել մեր անվտանգությունը:

Ես ինքս բազմիցս եմ քննադատել Մոսկվայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ՝ բայց այդ ոչ համաչափ հարաբերությունների համար մեղադրելով ոչ միայն ՌԴ-ին, այլև պաշտոնական Երևանին: Բայց դա չի նշանակում, որ բանակցային սեղանի շուրջ լուծվող հարցերը պետք է շատ դեպքերում հանրայնացնել՝ հասարակությանը տրամադրելով Մոսկվայի դեմ:

Ավելին` մեր դժբախտություններում միայն Մոսկվային մեղադրող իշխանական սազանդարները և հայտնի գրասենյակից սնվող որոշ «ընդդիմադիրներ», մշտապես հիշելով 1921 թ․-ի խայտառակ և հայերիս հաշվին ռուս-թուրքական բարեկամությունն ամրապնդող Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, չգիտես ինչու, չեն անդրադառնում նույն արևմուտքի և ԱՄՆ-ի խայտառակ պահվածքին, որոնք մեր հաշվին ևս բարեկամացան Թուրքիայի հետ: Հետաքրքիր է, ինչո՞ւ հակառուսական հռետորաբանությամբ աչքի ընկնողները չեն անդրադառնում 1920 թ․-ի օգոստոսի 10-ին ստորագրված Սևրի պայմանագրին, որի՝ Հայաստանին վերաբերող կետերը ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների պատճառով մնացին թղթի վրա: Կամ ինչո՞ւ որևէ մեկը չի անդրադառնում 1921 թ․-ի հոկտեմբերի 20-ին Անկարայում Թուրքիայի և Ֆրանսիայի միջև ստորագրված խայտառակ պայմանագրին, որի արդյունքում Կիլիկիան անցավ թուրքերի վերահսկողության տակ: Որևէ մեկը չի հիշում 1921-23 թթ․-ի Լոնդոնի և Լոզանի կոնֆերասները, որտեղ արևմուտքի թեթև ձեռամբ թաղվեց Հայկական հարցը:

Այո՛, ռուսները հայ-թուրքական սահմանն անցկացրին Ախուրյան-Արաքս գետերով և թուրքերի հարավկովկասյան կրտսեր եղբորը՝ Ադրբեջանին, նվիրեցին Արցախն ու Նախիջևանը: Բայց արդար կլինի, եթե այդ ամենը բարձրաձայնողները նաև նշեն, որ արևմուտքի և ԱՄՆ-ի թողտվությամբ և ծախու քաղաքականության արդյունքում ամբողջ Արևմտյան Հայաստանը, որտեղ Վաշինգտոնի հովանու ներքո պետք է ստեղծվեր անկախ Հայաստան, ինչպես նաև Փարիզի ծախու քաղաքակության արդյունքում Կիլիկիան անցան Թուրքիայի վերահսկողության տակ:
Զարմանալի է, որ ռուսների աչքում չոփը տեսնողներն արևմուտքի աչքում գերանը չտեսնելու են տալիս:
Հայ-ռուսական հարաբերությունները վերանայման պետք է ենթարկվեն:

Կեղծ թեզերով, թե Թեհրանը Մոսկվայի հետ հարաբերությունները կվատթարացնի և մեզ ավելի էժան գազ կտա, ինչպես նաև արևմուտքը և ԱՄՆ-ն Հայաստանի պատճառով առճակատման կգնան Մոսկվայի հետ, ինքնախաբեություն և զավեշտ են: Միայն դիլետանտները կարող են երազել, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը, որոնք ավելի «գայթակղիչ» Վրաստանի ու Ուկրաինայի համար բացահայտ առճակատման չգնացին Մոսկվայի հետ, կարող են Հայաստանի համար ճակատ տալ:

Ի դեպ, այդ նույն արևմտամետները լավ կլինի՝ նաև բարձրաձայնեն, թե Հայաստան մտնող տրանսֆերտների որքան մասն է գալիս իրենց նախընտրած երկրներից, իսկ որքանը՝ ՌԴ-ից, որի շնորհիվ էլ շատերը Հայաստանում ապրում են:

Այո՛, պատմության անիվը պտտվելով շատ դեպքերում կրկնվում է: Մեր իշխանություններն ամեն ինչ պետք է անեն, որ 20-րդ դարի սկզբի աղետալի դեպքերը 21-րդ դարի նույն ժամանակահատվածում տեղի չունենան: Բայց, որքան նկատում եմ, իրականությունից կտրված որոշ շրջանակներ մեզ փորձում են տանել նույն ուղով՝ հասարակությանը խաբելով և համոզելով, որ մենք իրոք հզոր ենք և թելադրող:

Հ.Գ. Իսկ հիմա գլխավոր հարցը՝ արդյո՞ք մենք Վրաստանի և Ուկրաինայի պես համաձայն ենք կորուստների գնով թռչել Արևմուտքի և ԱՄՆ-ի գիրկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել