Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մայիսի 29-ին գրավոր կերպով ներկայացրել իր խորհրդատվական եզրակացությունը՝ 2009 թվականի ՀՀ ՔՕ այն դրույթի մեկնաբանության հետ կապված, որը վերաբերում է սահմանադրական կարգի տապալմանն ու դրա կիրառումը ՄԻԵԿ 7-րդ հոդվածի լույսի ներքո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի համատեքստում։

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Սահմանադրական դատարանն ընդունել է աշխատակարգային որոշումներ՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով ՄԻԵԴ-ին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները մինչև պատասխանները ստանալը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ:

Ինչպես տեղեկանում ենք ՄԻԵԴ կայքից, դատարանը միաձայն հայտնել է հետևյալ կարծիքը։

Դատարանը չի կարող պատասխանել Հայաստանի ՍԴ-ի կողմից ներկայացված առաջին երկու հարցադրումներին։

Մասնավորապես, դատարանը որևէ ուղիղ առնչություն չի գտել այդ հարցերի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընթացող քրեական հետապնդման գործընթացի միջև։

ՍԴ երրորդ հարցը վերաբերում էր նրան, թե արդյոք դրույթը, որով սահմանվում է հանցանքը և հղում արվում ավելի բարձր իրավական ուժ ունեցող և ավելի բարձր մակարդակի աբստրակցիա ունեցող իրավական ակտին, բավարարում է Կոնվենցիայի՝ որոշակիության, մատչելիության, կանխատեսելիության և կայունության պահանջները։

Դատարանը որոշել է, որ այդպիսի դրույթը, որն օգտագործում է «այլ օրենքի հղման» տեխնիկան՝ արարքը կամ անփութությունը քրեականացնելու համար, պետք է հնարավորություն տար անձանց կանխատեսելու, թե որ արարքը կարող էր իրենց քրեորեն պատասխանատու դարձնել։

Ի թիվս այլ գործոնների՝ հստակություն և կանխատեսելիություն ապահովելու ամենաարդյունավետ ճանապարհն այն է, որ հղումը լինի հստակ ձևակերպված, իսկ վկայակոչվող դրույթում հստակ ձևակերպված լինեն արարքի բաղադրիչները։

ՍԴ-ի չորրորդ հարցը վերաբերում էր իրավական երկու տարբեր ակտերի համատեղելիությունը ստուգող Կոնվենցիայի 7-րդ հոդվածով (ոչ մի պատիժ առանց օրենքի) սահմանվող չափորոշիչին։ Դատարանը կարծիք է հայտնել, որ նման գնահատականները ավելի շուտ պետք է հաշվի առնեին դեպքի հատուկ հանգամանքները, քան տրվեին ընդհանրացված գնահատականներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել