168.am-ը գրում է․

Հայաստանը փոխել է Covid-19-ի դեմ պայքարի ռազմավարությունը, և արդեն մի  քանի օր է՝ կորոնավիրուսով վարակակիրները, որոնք չունեն կամ ունեն թեթև ախտանշաններ, առողջության առաջնային պահպանման համակարգի հսկողության տակ են:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դեռ մեկ շաբաթ առաջ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր. «Առողջության առաջնային պահպանման համակարգի հարգելի գործընկերներ, քաղաքային պոլիկլինիկաների, գյուղական ամբուլատորիաների և առողջության կենտրոնների հարգելի բուժաշխատողներ.

Մի քանի օրից կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունքով մեր հարյուրավոր քաղաքացիներ, որոնք չունեն ախտանշաններ կամ ունեն շատ թեթև՝ մեկուսացման վայրերից վերադառնալու են տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում կամ հիվանդանոցներում: Նրանց տնային հսկողությունը ընկնելու է ձեր բոլորի ուսերին, ինչպես նախկինում թեթև ախտանշաններ ունեցող սուր շնչառական վարակներով մեր քաղաքացիների հսկողությունն է»:

Արդյոք Առողջության առաջնային պահպանման կենտրոնները, պոլիկլինիկաները պատրա՞ստ են սպասարկել կորոնավիրուսով վարակակիրներին՝ ունե՞ն համապատասխան արտահագուստ, պաշտպանիչ միջոցներ, անցկացվե՞լ են անհրաժեշտ վերապատրաստումներ. 168.am-ը հարցադրումներն ուղղեց մայրաքաղաքի և մարզային մի քանի բուժկենտրոնների աշխատակիցների:

«Մասիսի» ԲԿ-ի պոլիկլինիկայի բժշկուհի Իրինա Գզիրյանը մեզ հետ զրույցում հայտնեց. «Սեմինարներ անցկացվել են, մենք Zoom-ով դասերի ենք մասնակցում, նախարարության հետ դասընթացներ են լինում:

Արտահագուստ և՛ նախարարությունն է մեզ տրամադրել, և՛ մեր տնօրինությունը»:

Թիվ 19 պոլիկլինիկայից տեղեկացրին. «Ամեն ինչ տրամադրել են մեզ, ամեն ինչ»:

«Նուբարաշեն» պոլիկլինիկայի հերթապահություն իրականացնող տեղամասային թերապևտ Սիմոնյանը նույնպես հավաստիացրեց.

«Ամեն ինչով զինված ենք, ամեն տեսակի արտահագուստ ունենք, երեկ նորից թարմացվեց: Որևիցև խնդիր չունենք՝ հագուստի, դեղանյութերի, մաքրող նյութերի»:

«Գեղաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Իրինա Ղազարյանը նույնպես վստահեցրեց՝ ունեն անհրաժեշտ պարագաները. «Ամեն ինչ տրամադրել են»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել