Armsport.am-ը գրում է․

«Նյուքասլի» վաճառքը Սաուդյան Արաբիայի պետական ներդրումների հիմնադրամին (PIF), որը վերահսկվում է թագաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալմանի կողմից, վտանգված է:

Ըստ The Guardian-ի, Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Սաուդյան Արաբիայի կառավարությանը ճանաչել է որպես մասնակից beoutQ ցանցին, որն ապօրինի հեռարձակում է Եվրոպայի առաջնությունների խաղերը, ներառյալ Պրեմիեր լիգայի խաղերը: Դժվարությունն այն է, որ Պրեմիեր լիգայի կանոնակարգը նախատեսում է հայտատուների ստուգում ակումբների գնման համար: Եթե պարզվի, որ նրանք ներգրավված են իրավախախտումների մեջ, լիգան կարող է հրաժարվել գործարքը հաստատելուց:

Հիշեցնենք, որ ակումբը գնելու ֆինանսական ասպեկտը համաձայնեցվել էր դեռ ապրիլի կեսերին: Թիմի ներկայիս սեփականատեր Մայք Էշլին համաձայնվել է վաճառել ակումբնը 300 միլիոն ֆունտով: Ըստ այդմ, բաժնետոմսերի 80%-ը պետք է անցնի PIF-ի վերահսկողության տակ, իսկ մնացած 20%-ը կվերահսկեն բրիտանացի ձեռներեցներ Դեյվիդ և Սայմոն Ռուբեն եղբայրները:

Գործարքի հաստատվելը տեղափոխվել էր արդեն վերջին փուլ, որի միակ պայմանը «Նյուքասլի» սեփականատիրոջը փոխելու համար ԱՊԼ այլ ակումբների սեփականատերերի համաձայնությունն էր: Սա սովորական ընթացակարգ է և սովորաբար տևում է ոչ ավելի, քան մեկ ամիս:

«Նյուքասլ» PIF-ի վաճառքին առաջինը դեմ արտահայտվեց Քաթարի խոշորագույն մարզական հեռուստաալիքը՝ beIN Sports-ը, որը Սաուդյան Արաբիային մեղադրեց սպորտային առաջնությունների ապօրինի հեռարձակման մեջ: Խոսքը beoutQ-ի մասին է, որն ըստ beIN Sports-ի, ուղղակիորեն վերահսկվում է սաուդյան իշխանությունների կողմից: Բացի այդ, բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ դեմ էին գործարքի հաստատմանը:

Բայց իրավիճակը, ինչպես պարզվեց, շատ ավելի լուրջ է և արդեն հասել է միջազգային բարձր մակարդակի:

Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Սաուդյան Արաբիայի կառավարությանը կասկածում է BeoutQ-ի գործունեության մեջ ներգրավված լինելու մեջ։

130 էջանոց զեկույցը չի հրապարակվի մինչև հունիսի կեսը, բայց Պրեմիեր լիգան արդեն ստացել է զեկույցի պատճենը: Այն, ըստ The Guardian-ի, հստակ ասում է, որ սաուդյան իշխանությունների և beoutQ-ի միջև ուղիղ կապ կա:

Նշենք, որ ավելի վաղ սպորտային հեռարձակումների նկատմամբ իրավունքների տերերը, ներառյալ ոչ միայն beIN Sports-ը, այլև Միջազգային Ֆուտբոլի ֆեդերացիան, Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը՝ ՈւԵՖԱ-ն, Պրեմիեր լիգան և Իսպանիայի ֆուտբոլի լիգան փորձել էին գործողություններ ձեռնարկել Սաուդյան Արաբիայում beoutQ-ի անօրինական հեռարձակումների դեմ: Այնուամենայնիվ, Սաուդյան Արաբիայի իրավաբանական ընկերություններից ոչ մեկը, որոնց հայցվորները դիմել են վարելու իրենց գործը, չի համաձայնվել դրան:

Սաուդյան իշխանությունները պնդում էին, որ beoutQ-ի շահառուները պետք է փնտրվեն Կուբայում և Կոլումբիայում։ Բայց ԱՀԿ-ին հաջողվել է ապացուցել, որ երկրի իշխանությունները չէին կարող չիմանալ լրատվամիջոցների իրավունքների ոտնահարման մասին: Հատկապես, որ beoutQ-ն ազդանշան է հաղորդում արբանյակային կապի օպերատորի՝ Arabsat-ի միջոցով, որի կենտրոնակայանը գտնվում է Ռիյադում, և Սաուդյան Արաբիայի կառավարությանն է պատկանում ընկերության ամենամեծ՝ գրեթե 37% բաժնեմասը:

Այսպիսով, ԱՀԿ-ն հաստատել է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները և, հետևաբար, Մուհամմադ բին Սալմանը, ներգրավված էին հանցագործության մեջ:

Հատկանշական է, որ Պրեմիեր լիգայի կանոնները նախատեսում են լիգայի ակումբների հավանական գնորդների ապօրինի գործողությունների առկայության ստուգում: Այն փաստը, որ խախտումները տեղի են ունեցել Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս, նշանակություն չունի: Բավական է, որ գործողությունը համարվել է անգլիական օրենսդրության համաձայն ապօրինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել