Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով կորոնավիրուսի տարածումը կանխելու համար կանոնների պահպանման կարևորության մասին, ասաց, որ Հայաստանում կան կորոնավիրուսի հազարավոր վարակակիր քաղաքացիներ, որ նույնիսկ իրենք չգիտեն, որ վարակակիր են, և դա ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում է այդպես:

«Այս հիվանդության առանձնահատկություններից մեկը հետևյալն է․ ինքը շատ մեծ դեպքերով զուգորդվում է ասիմպտոմ, այսինքն՝ առանց ախտանշանի, այսօր այս դահլիճում կարող են լինել մարդիկ, ովքեր վարակակիր են ու իրենք էլ չգիտեն դրա մասին։ Երբ որ խոսք է գնում դիմակների մասին, ասում են՝ բա էն ժամանակ ասում էիք, որ հիվանդներին է հարկավոր դիմակ, այո, երբ որ երկրում կա հարյուր հիվանդ, էդպես է, բայց երբ որ երկրում կան հազարավոր կորոնավիրուսով հիվանդներ ու նույնիսկ հիվանդները չգիտեն, որ վարակակիր են, հենց այդ նպատակով է օգտագործվում դիմակը»,-ասաց նա։

Վարչապետը նշեց՝ այսօր եթե երկրում կա 7 հազար ախտորոշված դեպք, դա նշանակում է, որ կա 14 հազար վարակակիր։ «Դրանց իննսուն տոկոսը չգիտի, որ ինքը վարակակիր է ու կարող է վարակել ուրիշներին»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առանց դիմակի մարդը պետք է տուգանվի, և եթե չպահպանվի դա, ավելի կխստացնեն և հնարավոր է միայնակ այգում նստած մարդուն ևս պարտադրեն կրել դիմակ: «Մեր հիմնական գործիքը համարում ենք քաղաքացու անձնական պատասխանատվությունը։ Եթե կանոնները չպահպանվեն, դիմակի կրումը բոլոր տեղերում կդարձնենք պարտադիր ու դեռ հարցի մեջ կդրվի՝ տանը դիմակ կրելը պարտադիր կդարձնե՞նք, թե՞ չէ, սա մի քիչ, բնականաբար, չափազանցնում եմ»,- ասաց վարչապետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել