Սուրբ Լավրենտիոս գետի վրա գտնվող հազարավոր կղզիները համարվում են յուրահատուկ բնական կղզեխումբ, որը պատկանում է Կանադային և ԱՄՆ-ին: Ավելի քան 1,860 կղզի է գտնվում գետի վրա: Ըստ տեղի կանոնների՝ կղզի է համարվում յուրաքանչյուր հողակտոր, որն ամբողջ տարվա ընթացքում չի խորտակվում ջրում, և որի վրա կտեղավորվի առնվազն մեկ ծառ: Ամենամեծ կղզիներում պարում են հազարավոր մարդիկ, ամենափոքրերում միայն թռչուններ են ճախրում: Կան նաև կղզիներ, որոնցում տեղավորվում է ընդամենը մեկ տուն՝ մեկ ընտանիքի համար:

Ի սկզբանե Կանադան ու ԱՄՆ-ն վիճում էին, թե ում է պատկանում կղզեխումբը, սակայն հետագայում՝ 19-րդ դարի վերջում, եկան համաձայնության առ այն, որ 2/3-ը պատկանում է Կանադային, իսկ 1/3-ը՝ ԱՄՆ-ին: Այդ ժամանակ երկրների բնակիչները սկսեցին կղզիներ գնել, քանի որ դրանք մի քանի հարյուր դոլար արժեին այդ տարիներին: Դրանք գնելու հնարավորություն ունեին ոչ միայն Կանադայի ու ԱՄՆ-ի քաղաքացիները, այլև օտարերկրացիները: Աստիճանաբար կղզեխումբը վերածվեց հանգստի ու տուրիզմի ամենացանկալի վայրերից մեկի: Այնտեղ կան ամբողջական հյուրանոցային համալիրներ, հոսթելներ: Յուրաքաչնյուրն իր ճաշակով զբաղմունք կգտնի՝ դայվինգից մինչև ձկնորսություն: Բոլոր կառույցներն այսօր ապահովված են կոյուղով, էլեկտրականությամբ, հեռախոսագծով և ինտերնետով:

Առանձնանում են մի քանի կղզյակներ: Առաջինը Եղնիկի կղզին է, որը գնվել է 1880-ականների վերջին $175-ով և նվիրվել է մասոնական «Գանգ ու ոսկորներ» եղբայրությանը: Կղզյակին մոտենալ, ինչպես նաև դրա տարածք մուտք գործել արգելվում է: Երկրորդ կղզին կոչվում է Սրտի կղզի, և այն մի ժամանակ պատկանել է մուլտիմիլիոնատեր Ջորջ Բոլտին, ով սիրահարվել էր այս հեքիաթային վայրին: Բիզնեսմենը սկսել է հսկայական դղյակ կառուցել իր կնոջ համար, սակայն կեսից դադարեցրել է շինարարական աշխատանքները: Պատճառը սիրելի կնոջ մահն էր: 64 տարվա ընթացքում կղզյակը լքված է եղել, և ոչ ոք այնտեղ չի գնացել: Սակայն իշխանությունները հետ գնեցին Սրտի կղզին, ավարտեցին շինարարական աշխատանքները և հիմնեցին թանգարան, որը գրավում է զբոսաշրջիկներին:

Գայլի կղզին կղզեխմբում ամենախոշորն է և ունի 29 կմ երկարություն: Դրա տարածքում գտնվում է փոքրիկ քաղաք, որտեղ կան հյուրանոցներ, բարեր, ռեստորաններ, խանութներ, ինչպես նաև հիվանդանոցներ և դպրոցներ: Այս կղզյակում է գտնվում Zinger ընկերության շենքը՝ իր բոլոր գեղեցիկ այգիներով ու սենյակներով, որոնք հին ոճով են կառուցված: Այն բաց է բոլոր զբոսաշրջիկների համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել