168.am-ը գրում է․

«Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարը համարում եմ բնավ ոչ արդյունավետ և ոչ այնքան կազմակերպված, քանի որ որոշում և օրենք ընդունելը մի բան է, դրանց կիրարկմանը հետևելը և վերահսկողություն իրականացնելը՝ մեկ այլ բան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը։

Ն․Մկրտչյանը թեև հասկանում է՝ նման իրավիճակում ամեն ինչ չէ, որ կարող էր կատարյալ լինել, բայց ըստ նրա՝ կա մի սահման, որտեղից արդեն սխալների կուտակումը լուրջ հետևանքներ կարող է ունենալ․

«Հայաստանում վարակակիրների թվի աճը վկայում է հենց նման իրավիճակների մասին, որ մեզ մոտ սխալները, նաև՝ ռազմավարության բացակայությունը դրան է նպաստել։ Երկրորդ՝ նախ և առաջ՝ իշխանություններն իրենք էին պարտավոր հետևել և վերահսկել իրավիճակը և առաջինն իրենք պետք է կատարեին, ոչ թե կամավոր լիներ՝ կուզեն ձեռնոց կամ դիմակ կդնեն, կուզեն՝ չեն դնի, հեռավորություն կպահեն կամ չեն պահի, և այն։ Ցանկացած դեպքում, նույնիսկ ամենավատ իշխանությունը, էլ չեմ ասում՝ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը, միշտ օրինակ է հասարակության զգալի մասի համար։ Բայց այս իշխանությունների գործողություններին նույնիսկ իրենց ընտրազանգվածը կամ սոցիալական հենարանը չի արձագանքում՝ այս առումով։ Դիմակ չկրելու համար հասարակական շրջանակներում էլ մի շարք պատճառներ են մատնանշվում, մյուս կողմից՝ այն բոլոր պատճառներն ու կոչերը, որոնք դիմակ և ձեռնոց չկրելու համար են արվում, միանգամայն անընդունելի են, և այդ մարդիկ պետք է խստորեն պատասխանատվության ենթարկվեն, որովհետև այստեղ խնդիրը մարդու իրավունքների մասին չէ, դա նույնիսկ ազգային անվտանգության խնդիր է, իսկ դրա դեմ ոտնձգություն անողը պետք է պատժվի»։

Նրա խոսքով՝ բարձր տուգանքներ պետք է գործեն իշխանության ներկայացուցիչների և հասարակության անդամների համար․ «Ես երեկ էլ, դրանից առաջ էլ կենտրոնում տեսա, որ ոչ փոքրաթիվ մարդիկ առանց դիմակի են, նույնիսկ երթուղային տաքսիների վարորդները դիմակները ծնոտին են անցկացնում, այսինքն՝ ձևական դնում են։ Չկա հասարակության մեջ այդ գիտակցումը, որ մենք գործ ունենք բավականին լուրջ վտանգի հետ։ Ես չեմ խոսում խուճապի մասին, բայց վտանգի հանդեպ անփույթ վերաբերմունքը միայն բացասական և վտանգավոր հետևանքների կարող է հանգեցնել։ Պետք է վերահսկողություն սահմանել, խստորեն հետևել և կիրարկել տուգանքների համակարգը։

Դիմակ չկրելը չի կարելի դարձնել քաղաքական պայքարի գործիք, որովհետև, եթե անկեղծ լինենք, մյուս կողմից էլ հասկանալի է՝ ընդդիմություն կամ կիսաընդդիմություն կոչվածները նաև մտածում են, որ այդ կարգով կարելի է նաև իշխանափոխության հասնել, բայց անբարո է հանրային առողջությունը դարձնել քաղաքական պայքարի գործիք, որովհետև կան խնդիրներ, ինչպես՝ Ղարաբաղի խնդրում մենք պետք է ունենանք միասնական, չասեմ՝ դիրքորոշում, որովհետև իշխանության դիրքորոշումը կարող  է անընդունելի լինել, բայց պայքարի միասնական ճակատ, այնպես էլ՝ այս հարցում։ Տեսեք՝ եթե ամբողջ աշխարհում ընդհանուր նվազում է նկատվում, ապա Հայաստանում ամեն օր աճ է արձանագրվում։ Այս ընթացքը պետք է նաև օգտագործել՝ առողջապահական համակարգն ամրացնելու համար, որովհետև դեռ հայտնի չէ, թե մենք էլ ինչ նոր խնդիրների հետ պետք է առնչվենք։ Ես չգիտեմ՝ այնտեղ ինչ-որ բան արվո՞ւմ է, թե՞ օրվա խնդիրներն են լուծվում։ Առողջապահական համակարգը պետք է պատրաստ լինի ամենատարբեր բացասական զարգացումների»։

Նարինե Մկրտչյանն ընդգծեց՝ իշխանությունը մի օր մի բան է ասում, մյուս օրը՝ այլ․ «Իրարամերժ են նույնիսկ իրենց իսկ ասածները։ Հանրային հեռուստաընկերությունը չգիտեմ՝ ինչով է զբաղված, նրա վրա պետք է դնել այդ ողջ պատասխանատվությունը՝ քարոզչական, տեղեկատվական, որովհետև մյուս հեռուստաընկերությունները նման պարտավորություն կարող են չունենալ։ Բայց Հանրային հեռոստաընկերությունը, որը հարկատուների գումարներով է զարգանում, եթե, իհարկե, զարգանում է, ամբողջ պատասխանատվությունը պետք է դնել նրա վրա։ Երկարատև ինքնամեկուսացման և մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիները կարող են հակված լինել ընկճախտի, կարող են ունենալ սրտանոթային անբավարարության և այլ խնդիրներ, այսինքն՝ նաև հոգեբանորեն պետք է հասարակությանը պատրաստել, պետք է կարողանալ այդ դժվարին հոգեբանական վիճակից դուրս բերել հասարակությանը կամ նվազեցնել նրա հոգեբանական ճնշվածությունը։ Դա գործողությունների մի ամբողջ համալիր է, այդ ռազմավարությունը ես չեմ տեսնում։

Չի կարելի մի օր մի բան ասել, հաջորդ օրը՝ այլ։

Տարբեր երկրների ղեկարավարներ էլ են իրար հակասում, բայց իշխանությունը պետք է իմանա, որ ինքը պետք է օրինակ ծառայի, որովհետև միշտ կա պատճառաբանություն, որ՝ իրենք չեն անում, մենք էլ չենք անում։ Եվ հասարակության այն հատվածը, քաղաքական այն ուժերը, որոնք չեն ընդունում այս իշխանությանը, չպետք է սա դարձնեն պայքարի գործիք, դու քո առողջությունը չես կարող նվիրաբերել որևէ իշխանության միայն նրա համար, որ ուզում ես պայքարել, ինձ համար դա անընդունելի է։ Իշխանությունն էլ դրանից օգտվելով՝ չպետք է գնա այլ սահմանափակումների, նկատի ունեմ՝ ԶԼՄ-ների, կամ մինչև հիմա էլ դեմ եմ այդ տեղորոշման օրենքին, որի արդյունավետությունը զրո էր»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել