Hraparak.am-ը գրում է․

«Spinnaker Travel Group Travel » տուրիստական ընկերությունը հայտարարություն է տարածել, որ հուլիս ամսից ավիափոխադրումներ է իրականացնելու դեպի Ռուսաստան, Ուկրաինա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ավստրիա, Լեհաստան, ԱՄՆ և այլն, մասնավորապես՝ հունիսի 15-16ին՝ Երևան-Մոսկվա (Red wings),  (Nord wind), հունիսի 16-ից՝ Երևան-Ռոստով (Azimuth), հուլիսի 1-ից՝ Երևան-Մոսկվա (Utair), հուլիսի 1-ից՝ Երևան-Կրասնոդար (Ural airlines), հուլիսի 6-ից՝ Երևան-Սանկտ Պետերբուրգ (Ural airlines), օգոստոսի 2-ից՝ Երևան-Մոսկվա (Aeroflot),  հուլիսի 2-ից՝ Երևան-Կիև (MAU), հուլիսի 3-ից՝ Երևան-Դոհա (Qatar airways), հուլիսի 3-ից՝ Երևան Լոս Անջելես (Qatar airways), հունիսի 5-ից՝ Երևան-Դուբայ (Fly Dubai), հուլիսի 1-ից՝ Երևան-Շարժա (Air Arabia)
, հունիսի 16-ից՝ Երևան-Վիաննա (Austrian airlines), հունիսի 16-ից՝ Երևան-Վարշավա (LOT)։ 

Մենք կապվեցինք « Spinnaker Travel Group Travel » տուրիստական ընկերության տոմսերի մասնագետի հետ՝ հասկանալու համար, թե ինչպե՞ս են թռիչքներ իրականացվելու այն դեպքում, երբ կանոնավոր ավիափոխադրումների վերսկսման մասին դեռևս չի հայտարարվել․

 Ամսի 15-ից սկսվում են կանոնավոր թռիչքները, բայց այնպես չէ, որ դա հստակ հաստատված տեղեկություն է, ուղղակի ավիաընկերություններն ամսի 15-ից թռիչքներ ունեն»,- պատասխանեց տուրիստական ընկերության ներկայացուցիչը։

Բայց տոմսերն արդեն վաճառվո՞ւմ են՝ հարցրինք․

«Այս պահի դրությամբ «Red Wings»-ն է ամսի 15-ին սկսում, սակայն ընկերությունը վաճառք չի թույլատրում, որովհետև ասում է, որ շատ հնարավոր է՝ չեղարկվի, դրա համար խորհուրդ են տալիս մի քիչ էլ սպասել՝ գոնե մինչև ամսի 10-ը, դրանից հետո արդեն հստակ պարզ կլինի ինքնաթիռները կթռչե՞ն, թե ոչ»։

Մեկ այլ հարցի՝ եթե քաղաքացին կարդում է հայտարարությունը և դիմում իրենց, ի՞նչ պատասխան են տալիս, ընկերության ներկայացուցիչը պատասխանեց․

«Մենք իրենց ուղղակի ասում ենք, որ դա որպես տեղեկատվություն մենք գցել ենք, տարածել ենք սոցցանցերով, որպեսզի իրենք ունենան այդ տեղեկությունը, և իրենց խորհուրդ ենք տալիս եման դեպքում էլի սպասել, տոմսեր չգնել, որովհետև շատ հնարավոր է, որ գնելու դեպքում իրենք հետո կանգնեն խնդրի առաջ՝ հետդարձի տոմսի չեղարկման հետ կապված, որովհետև հիմա մարդկանց ավիաընկերությունները գումարը հետ չեն տալիս, վաուչերի տեսքով են հետ տալիս, որը մի տարվա ընթացքում կարող են օգտագործել»։

Հարցրինք նաև, թե «Զվարթնոց» օդանավակայանի հետ տեղեկատվության փոխանակում անո՞ւմ են, իրենց հայտնի՞ է, թե երբ կվերսկսվեն կանոնավոր ավիափոխադրումները․

« «Զվարթնոցում» ոչ մի հարցի չեն պատասխանում, իրենք ոչ մի բանից տեղյակ չեն, խորհուրդ են տալիս կապվել ավիաընկերության հետ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել