Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով դատավճիռը, որը վերաբերում է 2004թ. փետրվարին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների ժամանակ Ադրբեջանը ներկայացնող հատուկ պատրաստություն անցած ԶՈւ սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությանը և մեկ այլ հայ սպայի սպանելու փորձին:

2013թ. ՄԻԵԴ ներկայացված հայցում նշվում է, որ Ադրբեջանը, ներում շնորհելով և մեծարելով մարդասպանին, խախտել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի մի շարք դրույթներ: Բացի այդ՝ նշվում է, որ Հունգարիան, որտեղ ձերբակալվել և ցմահ ազատազրկման է դատապարտվել Սաֆարովը, ևս թույլ է տվել Կոնվենցիայի դրույթների խախտում, քանի որ, մարդասպանին հայրենիք արտահանձնելու թույլտվություն տալով, չի հետևել Ադրբեջանում Սաֆարովի հետագա պատժի կրման գործընթացին:

Այժմ ՄԻԵԴ վճռում նշվում է, որ «Ադրբեջանն անարդարացիորեն ձախողել է էթնիկ ատելության հողի վրա կատարված սպանության համար իր քաղաքացու նկատմամբ արտասահմանում սահմանված ազատազրկման պահանջի հետագա իրագործումը»:

«Փոխարենը հայրենիքում նրան ներում է շնորհվել, ծառայողական առաջխաղացում է ապահովվել, մի շարք արտոնություններ են տրվել: Սակայն Սաֆարովի ծառայողական առաջխաղացման և այլ արտոնությունների տրամադրման համար բավարար քանակությամբ իրավական հիմքեր չեն եղել»,- ասված է վճռում:

Վճռում նաև նշվում է, որ որպես արդյունք եղած անպատժելիությունն անհամատեղելի է Ադրբեջանի՝ կյանքի նկատմամբ հարձակումներն արդյունավետ կանխելու վերաբերյալ ստանձնած պատավորության հետ:

ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ Ադրբեջանի իշխանությունների՝ մարդասպանի անպատժելիությանը հանգեցրած քայլերն ուղղակի կապ ունեն նրա զոհի հայկական ծագման հետ:

«Սպան բարձրաստիճան պաշտոնյաների կողմից մեծարվել է ատելության հողի վրա կատարված ծայրահեղ դաժանության համար»,- ասվում է վճռում:

Ինչ վերաբերում է Հունգարիային, ապա նշվում է, որ երկիրը որևէ սխալ թույլ չի տվել երաշխավորելու, որ ադրբեջանցին հայրենիք արտահանձնումից հետո կշարունակի կրել պատիժը: 

«Չկա որևէ ապացույց առ այն, որ Հունգարիայի իշխանությունները տեղյակ են եղել, որ Սաֆարովն Ադրբեջանում ազատության մեջ է հայտնվելու»,- ասված է վճռում:

Նշվում է, որ հայցվոր կողմը պահանջել է փոխհատուցել միայն դատական ծախսերը՝ ավելի քան 15 000 ֆունտ ստեռլինգ: Դատարանը պահանջը բավարարել է: Ադրբեջանը պետք է փոխհատուցումը վճարի վճռի հրապարակումից հետո հաջորդ երեք ամսվա ընթացքում:

Հիշեցնենք, որ 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար 2006թ. Բուդապեշտի դատարանը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման` առանց առնվազն 25 տարի ներման իրավունքի: Հայ մյուս սպային սպանելու ոճրագործի փորձը ձախողվել է: 2012 թվականի օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջան, որտեղ նրան հենց նույն օրը ներում է շնորհվել՝ մեծարելով իբրև ազգային հերոսի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել