168.am-ը գրում է․

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարության դեմ: Հայցադիմումով կողմը պահանջում է քննարկել Ֆրանսիայի Վալ Դ՛Օրի բժշկական կենտրոնում հետագա հետազոտություններն ու բուժումը ստանալու հարցը, հրավիրել բժշկական հանձնաժողով և պարտավորեցնել համապատասխան եզրակացություն տալ: Հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին:

168.am-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ հայցի հիմքում պետական լիազոր մարմնի՝ ի դեմս Առողջապահության նախարարության, անգործությունն է: Այլ կերպ ասած՝ հայցով վիճարկվում է պետության պոզիտիվ պարտականություն չիրականացնելը և Մանվել Գրիգորյանին Ֆրանսիայում բուժումը շարունակելու թույլտվություն չտալը:

«Մենք դիմել էինք Առողջապահության նախարարություն, որպեսզի հիվանդության պատմության հետ կապված եղած փաստաթղթերի հիման վրա տար համապատասխան գրություն, քանի որ վերջին էպիկրիզով և բժշկի համապատասխան մասնագիտական կարծիքով՝ այլևս Հայաստանում հնարավոր չէր առողջապահական գործողություններ կայացնել: Ընդամենը կոնսերվացնում էին նրա հիվանդությունները: Դիմել ենք Առողջապահության նախարարություն, որպեսզի դրա հիման վրա տային թույլտվություն գնալու արտերկիր կամ, եթե գտնում էին, որ դա բավարար չէ, նոր կոնսիլիում հրավիրեին, որը բավականին իրավաչափ էր:

Առողջապահության նախարարությունից ստացվեց պատասխան, որ՝ «քանի որ գործը դատարանում է, մենք գործառույթ չենք իրականացնում»: Մենք  այդ պատասխանը ներկայացրեցինք դատարանին, դատարանն էլ իրավամբ փաստեց, որ Առողջապահության նախարարության գործառույթներն Առողջապահության նախարարության գործառույթներն են, և մերժեց մեր միջնորդությունը:

Դրանից հետո մենք կրկին դիմեցինք Առողջապահության նախարարություն և ասացինք՝ «պարտավորություն ունեք, և մեկ անգամ ևս խնդրում ենք՝ քննարկեք»: Ի՞նչ արեց նախարարությունը: Վերցրեց մեր գրությունը, ուղարկեց Արդարադատության նախարարություն, այդտեղից էլ իրավամբ ճիշտ պատասխան տվեցին, որ դա Արդարադատության նախարարության գործառույթը չէ: Փաստորեն ստացվեց, որ Առողջապահության նախարարությունը, այսպես ասած՝ պետությունը, ընտրովի առողջապահության գործառույթ է ներկայացնում, և ինքն է որոշում՝ մի անձի նկատմամբ կարող է ներկայացնել առողջապահության գործառույթ, մի անձի նկատմամբ՝ չի ներկայացնի, որն անթույլատրելի էր»,- ասաց Լևոն Բաղդասարյանը:

Անդրադառնալով Վարչական դատարանում գործի տարիներով քննվելու հավանականությանը, փաստաբանն ասաց, թե ներկայացված հայցն իրավունքի խախտումն արձանագրելու և ՄԻԵԴ դիմելու համար է:

«Դա իրավական գործընթաց էր: Մենք դա ներկայացրեցինք, և ամբողջ փաթեթն ուղարկեցինք Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ այնտեղ մենք վարույթում գործ ունենք՝ ընդդեմ խոշտանգման և անօրինական կալանքի։ Նաև դիմեցինք Մարդու իրավունքների պաշտպանին»,- ասաց Լևոն Բաղդասարյանը:

Փաստաբանը 168.am-ին փոխանցեց, որ Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ պանսիոնատում՝ 24 ժամ վերակենդանացման սարքավորումներին միացված և խնամակալների հսկողության տակ:

«Ծանր է վիճակը: Պատկերացրեք, երբ անձը չի ստանում համապատասխան բուժում, ընդամենը ստանում է այնպիսի դեղամիջոցներ, որով ընդամենը կոնսերվացնում է վիճակը: Բժիշկները փաստում են, որ տան պայմաններում անձը կմահանա»,- հավելեց Լ. Բաղդասարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել