Ինչպե՞ս ճիշտ պատժել երեխային, որպեսզի չվնասվի նրա հոգեկան աշխարհը և չխաթարվի տարիքային բնականոն զարգացումը: Այս հարցը հուզում է գրեթե բոլոր ծնողներին, քանի որ ճգնաժամային դրսևորումները, որոնք կապված են երեխաների տարիքային առանձնահատկությունների հետ, ծնողների կողմից ընկալվում են՝ որպես միտումնավոր կատարված քայլեր, և ուղեկցվում են պատժով: Սակայն, ելնելով երեխայի անձնային շահից, նրա բնականոն և ներդաշնակ զարգացումից, պետք է իմանալ, որ գոյություն ունեն պատժի ձևեր, որոնք կարելի է կիրառել, և կան այնպիսիները, որոնք արգելվում են: Փորձեմ առանձնացնել՝ դասակարգելով դրանք ընդունելի և անընդունելի պատժի տեսակների:

Անընդունելի պատժի տեսակները

  • Ֆիզիկական պատիժ: Կան բազմաթիվ հետազոտություններ այն մասին, թե ինչպես է ազդում ֆիզիկական պատիժը երեխաների զարգացման վրա: Ակնհայտ է, որ երեխային ֆիզիկապես ցավ պատճառելով՝ դուք հնարավորություն եք տալիս մտածելու, որ կարելի է մարդուն ցավ պատճառել և միաժամանակ մնալ լավ մարդ դիմացինի համար: Մինչև նախադպրոցական տարիքը, անկախ ծնողի վարքից՝ բացասական կամ դրական, ծնողը երեխայի համար միշտ լավն է: Բացի այդ, երեխան ստանալով ֆիզիկական պատիժ՝ հասկանում է, որ կոնֆլիկտային իրավիճակում ֆիզիկական ուժի գործադրումը նորմալ է համարվում և լուծում է որոշակի խնդիր: Նման վարքով ծնողը կարող է երեխային սովորեցնել, որ ֆիզիկական ուժի միջոցով ուժեղ համարվող մարդը իրենից թույլ մարդուց կարող է ստանալ այն, ինչ ցանկանում է: Եթե ուշադիր լինենք, ապա կհասկանանք, որ մենք ֆիզիկական պատժի միջոցով երեխայի մեջ հիմնային վարքային մոդելներ ենք սերմանում՝ հետագա կյանքում կիրառելու համար:
  • Հուզական կոպիտ վերաբերմունք: Նման պատժի դրսևորում է բղավոցը, երեխային վախեցնելը, անվանարկումը: Այս ամենը կարող է հանգեցնել հոգեբանական տրավմայի, որի հետևանքները հետևյալն են՝ թերարժեքության բարդույթ, շփման խնդիրներ, վարքային խանգարումներ, հետագայում՝ սեփական ընտանիքը կազմելու դժվարություններ:
  • Զրկել երեխային սիրելի իրերից և սպառնալ, որ դրանք կնետեք: Մի կողմից՝ նման պատիժը երեխայի հանդեպ համարվում է հուզականորեն ճնշող, իսկ մյուս կողմից՝ երեխան հասկանում է, որ չունի «իրենը», սեփական սահմանը, քանի որ ցանկացած պահի երեխայից կարող են վերցնել իրեն պատկանող իրը և ոչնչացնել, իսկ դա նշանակում է ցանկացած պահի ոչնչացնել նրա Ես-ը, նրա սեփական աշխարհի մի մասնիկը: Երեխան անպայման պետք է ունենա ինչ-որ իրեն պատկանող իր, որպեսզի սովորի, որ սեփական իրի հետ կարելի է անել ամեն բան, սակայն ուրիշի իրի հետ նա կարող է վարվել այնպես, ինչպես իրեն թույլ կտա այդ ուրիշը:

Ընդունելի պատժի տեսակներ

  • Հանգստի աթոռ: Այս մեթոդը կիրառում են 2-5 տարեկան երեխաների հետ: Տան մի հատվածում դրեք աթոռ, որն անվանեք հանգստի աթոռ, ինչպես նաև վերցրեք ավազե ժամացույց՝ երեք րոպե տևողությամբ: Ամեն չարության ժամանակ երեխային ուղարկեք այդ աթոռին նստելու և հանգստանալու նշված ժամաքանակով: Սկզբում երեխան կդիմադրի, սակայն համառություն դրսևորելով՝ պետք է հասնել նրան, որ երեխան ամեն վատ արարքից հետո իմանա, որ այնտեղ նստելն անխուսափելի է, և աստիճանաբար կսկսի մտածել իր արարքների մասին:
  • Արտոնությունների նվազեցում: Յուրաքանչյուր ընտանիքում երեխաներն ունենում են տարբեր արտոնություններ: Սիրելի մուլտֆիլմի ժամ, քնելուց առաջ հեքիաթի ընթերցում, խաղ մայրիկի կամ հայրիկի հետ: Նա միշտ պետք է արժևորի այդ ամենը, և միաժամանակ՝ ունենա մտահոգություն, որ վատ արարքի համար կարող է չունենալ իր համար այդքան կարևոր իրադարձություններից որևէ մեկը:
  • Պատիժ՝ կատակի տեսքով: Այս պատիժը կիրառվում է փոքր անկարգությունների դեպքում, երբ ցեխոտ կոշիկներով կեղտոտում են հատակը, կամ այլ ոչ կարգապահական վարք են դրսևորում: Դրա դիմաց նրանց կարգադրում եք անել, օրինակ տասը կքանիստ կամ այլ գործողություն: Նմանատիպ պատիժներն ուղեկցվում են դաստիարակմամբ՝ հումորի միջոցով:

Եթե, այնուամենայնիվ, կա պատժի առիթ, ապա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալ կանոններին.

  1. Պատիժը չպետք է պատճառի թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական վնաս:
  2. Պատիժը չպետք է կրի ուղղակի բնույթ: Այն պետք է կիրառել, երբ կա իրական սխալ կամ մտահոգիչ վարք:
  3. Պատիժը պետք է լինի մեկը՝ բոլորի համար, քանի որ երեխան կարող է հարյուրավոր սխալներ անել:
  4. Պատիժը չպետք է խթան հանդիսանա նախօրոք խոստացված պարգևատրումների չիրագործման համար:
  5. Պատիժը, եթե կա կիրառելու անհրաժեշտություն, պետք է իրականացնել անմիջապես արարքից հետո: Ուշացած պատիժն իրենով արժեզրկված է:
  6. Պատիժն իր մեջ չպետք է կրի շանտաժ:

Յուրաքանչյուր ծնող իրավունք ունի իր երեխային դաստիարակել, պատժել այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Սակայն, դրա հետ մեկտեղ, պետք է հիշել, որ յուրաքանչյուր ոք լույս աշխարհ է գալիս՝ ձևավորվելու, զարգանալու, ինքնաիրականացվելու, իր հետքը թողնելու և տեղը զիջելու: Ամեն անգամ ձեռք բարձրացնելիս, երեխային միայնակ թողնելիս, բղավելիս՝ մի պահ մտածեք՝ ինչո՞ւ եք դա անում: Պատճառները կարող են լինել բազմաթիվ, սակայն պատիժ իրականացնելիս երբևէ մի կորցրեք օբյեկտիվությունը և ճշմարտացիությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել