Hraparak.am-ը գրում է․

Կապանի մեկ օրյա ցույցը թերևս ամենազանգվածային բողոքն էր հեղափոխական իշխանության դեմ: Մարդիկ հավաքվեցին, տեղեկանալով, որ իրենց հարազատներին ոստիկանության բաժանմունքում ծեծի են ենթարկել ու ցրվեցին տներով, երբ իրավապահները Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի միջոցով հաղորդեցին ժողովրդին, որ վաղ առավոտյան ձերբակալված երեք երիտասարդների հետ որևէ հակաօրինական գործողություն չի կատարվի, իսկ նրանց բռնության ենթարկած «պագոնավորները» կպատժվեն: 

Ցույցը ցրվեց, բայց այսօր էլ Կապանում ու Քաջարանում լարված վիճակ է: 
Մարդիկ պատմում են, որ ձերբակալվածներից մեկի տանը՝ Համբարձումյան ազգանունով, 92 տարեկան տատիկ է ապրում: Նա հատուկ ջոկատայինների այցից հետո այնպես է վախեցել, որ անկողին է ընկել: «Այդ կնոջը վախեցրել են, զենքը պահել են վրան, նա հիմա վախեցած վիճակում է, թոռանն էլ իր աչքի առաջ բռնի, դաժան ձևով տարել են: Էդ կինը ցնցումների մեջ է», - ասաց մեր զրուցակիցը Կապանից:  
 Բնակիչները պատմում են, որ Կապանում ու Քաջարանում այսօր ամենուրեք ոստիկաններ են, կարմիր բերետավորներ: Նրանք մտնում են օբյեկտներ, մարդկանց հարցեր են տալիս: «Աղջիկներին են խոսացնում: Կապանում շատրվանների մոտ կանանց են կպել, միջադեպ է եղել: Կանայք էլ ասել են՝ ձեզ կգցենք Ողջի գետը, խելոք պահեք», - պատմում է մի կապանցի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել