Ուրախ եմ, որ Կապանում իրավիճակը հանգուցալուծվեց բանակցություններով։ Այնուհանդերձ, իրավապաշտպանական երկու արձանագրում կատարեմ.

1) Մարդիկ հավաքվել էին Կապանի ոստիկանության շենքի առջև՝ պահանջելով պատժել մի քանի ձերբակալված անձանց ոստիկանությունում խոշտանգած ոստիկաններին։ Որքան հասկանում եմ, պահանջը բավարարվել է, և քաղաքացիներին խոստացել են վաղը ևեթ հարուցել քրեական գործ ու իրականացնել արդար քննություն։ Առհասարակ անհասկանալի է, թե ինչու քրեական գործը չի հարուցվել խոշտանգման մասին ապացույցներով բարձրաձայնումից անմիջապես հետո։ Չէ՞ որ դա իրավունքի ուղիղ պահանջ է։ Ինչ էլ լինի, մենք հետևողական ենք լինելու այս հարցում ու, անկախ քաջարանցիների հետագա մոտեցումներից, պահանջելու ենք առերևույթ խոշտանգման փաստով արդար, թափանցիկ, վստահելի, ամբողջական քննություն։ Սա միայն քաջարանցիների խնդիրը չէ, այլ բոլորիս, քանի որ ոստիկանությունում խոշտանգումների հանդեպ «զրո հանդուրժողականությունը» պետք է լինի ցանկացած նորմալ իրավապաշտպանի ու ցանկացած նորմալ հանրային գործչի առաջնահերթությունների թվում։

2) Տեղական ինքնակառավարման նկատմամբ հարգանքը ցանկացած ժողովրդավարական պետության պարտականությունն է, և մենք հետևողական ենք լինելու նաև այն ահազանգերի կապակցությամբ, որ Սյունիքում կարվում են քրեական գործեր ոչ ՔՊ-ական համայնքապետերի դեմ։ Առերևույթ խոշտանգված քաջարանցիների այս ողջ պատմությունը կարծես թե նույն տիրույթում է։ Սա նույնպես ոչ միայն սյունեցիների խնդիրն է, այլ բոլորիս, և այս հարցում ևս մենք պահանջում ու հետևողականորեն պահանջելու ենք բացատրություներ քաղաքական իշխանությունից։

Հ.Գ. Արձանագրենք նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորների ներկայությունը, ակտիվ ջանքերը և կարևոր դերակատարությունը իրավիճակի հանգուցալուման մեջ։ Պարզապես արձանագրենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել