Ինտենսիվ թերապիայի մահճակալների մոտալուտ սպառումը, որի մասին գուժում է առողջապահության նախարարը, ամենուր նշանակել է մի բան, որ տվյալ երկրի առողջապահական համակարգը փլուզվել է: Հայաստանում դա կարող է վրա հասնել արդեն առաջիկա մի քանի օրերի ընթացքում: Թե ինչ է լինում դրանից հետո, հայտնի է բոլորին: Եվ պատահական չէ, որ նախարարն այդ մասին ակնարկում է նախօրոք, որպեսզի, ըստ իրենց հաշվարկի, մեղմացնեն հետագայի հասարակական ծանր արձագանքը:

Բայց այդ արձագանքը լինելու է: Կամ չի լինելու, եթե հասարակությունն այն աստիճանի անգիտացած է, որ չի գիտակցելու, թե ինչ կատարվեց և ինչու:

Եվ ամեն դեպքում Փաշինյանին անհրաժեշտ է լինելու, ըստ սովորության, ազատվել պատասխանատվությունից: Եվ այդ ժամանակ քաղաքական կոպտագույն սխալ-որոշումների հետևանքների պատասխանատվությունը դրվելու է առողջապահության ղեկավարի վրա: Բացառված չէ, որ աղետի թուլացումից հետո Թորոսյանը միայնակ կամ Ավինյանի հետ միասին կդարձվի քավության նոխազ և կդառնա Հայաստանում կորոնավիրուսային ապակառավարման խորհրդանիշ, թեև իր մեղքը դրանում, համեմատած իր ղեկավարի հետ, մինիմալ է իրականում:

Հայաստանյան իրավիճակի իրական պատասխանատուն քաղաքական-տնտեսական տգետ և հանցավորատիպ հաշվարկ կատարած բարձրագույն իշխանությունն է և ոչ առողջապահական ղեկավարությունը, որը մեծ որոշումների կայացման հարցում, ըստ էության, քաղաքականության վրա ազդելու որևէ իրական լծակներ չի ունեցել և չունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել