ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ մինչեւ հունիսի 3-ը ժամը 23։59-ը սահմանափակումներ են կիրառվելու Գեղարքունիքի մարզի Սեւան hամայնքում։ 

Պարետի որոշումը ներկայացնում ենք ստորեւ.

«1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում կիրառել հետևյալ սահմանափակումները.

ա) Սահմանել համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի,

բ) Սույն կետի «ա» ենթակետով սահմանված Սևան համայնք մուտք գործելու սահմանափակման համար բացառություն սահմանել մինչև 2020 թվականի մայիսի 25-ը՝ ժամը 13:00-ն՝ թույլատրելով Սևան համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը,

գ) Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրել հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Սևան համայնքի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով:

2. Սահմանել Սևան համայնքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումները՝ համաձայն Աղյուսակ 1-ի:

3. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Էդուարդ Մարտիրոսյանին, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին՝ ապահովել սույն որոշման իրականացումը.

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 06:00-ին, և գործում է մինչև 2020 թվականի հունիսի 3-ը՝ ժամը 23։59-ը»-նշված է որոշման մեջ:

Սևան համայնքում կիրառվող տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել