Armenpress.am-ը գրում է․

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն անդրադարձել է նախարար Արսեն Թորոսյանի՝ Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին հայտարարությանը։

«Մենք բարձր ենք գնահատում սահմաններ չճանաչող այս մարտահրավերին դիմագրավելու գործում վրաց գործընկերներիս հետ ունեցած սերտ համագործակցությունը: Մեր հարաբերություններում գերիշխում է համագործակցության ոգին, և որևէ կարիք չկա վերջինիս արհեստական մրցակցության տարրեր հաղորդել։ Հենց այդ տրամաբանության վրա ենք կառուցել և շարունակելու զարգացնել մեր ոլորտային փոխգործակցությունը: Ցավում ենք, որ նախարարի խոսքերը թյուրըմբռման և քաղաքական շահարկման տեղիք են տվել: Բոլոր երկրները ունեն իրենց ազգային մակարդակով ներդրված համակարգեր և համավարակին դիմագրավելու ազգային մարտավարություններ, որոնց գերնպատակն է, հաշվի առնելով յուրաքանչյուր իրավիճակի առանձնահատկությունները, առավելագույնս արդյունավետորեն հասցեագրել առկա բոլոր խնդիրները: Մաղթում ենք մեր վրաց գործընկերներին շարունակական հաջողություն համավարակի դեմ պայքարում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշել է Ալինա Նիկողոսյանը։

Վերջինիս մեկնաբանությունը տարածվել է նաեւ վրացական ԶԼՄ -ներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել