«Հանցակազմի բացակայություն» իրավաբանական կոնցեպտը շատ կոնկրետ իմաստ ունի. տեղի է ունեցել ինչ-որ բան, որը, սակայն, հանցագործություն չէ, այսինքն՝ ըստ էության թույլատրելի վարքագիծ է։ Հանգիստ կարելի է նորից նույն բանն անել։

Գոյություն ունեն «հանցակազմի բացակայությանը» շատ մոտ երկու այլ կոնցեպտներ՝ «հանցադեպի բացակայություն» և «ապացույցների անբավարարություն»։ Առաջինը նշանակում է՝ ոչինչ էլ տեղի չի ունեցել, իսկ եթե տեղի ունեցած լիներ՝ կարող է և հանցանք լիներ։ Բայց տեղի չի ունեցել։ Իսկ «ապացույցների անբավարարությունը» նշանակում է՝ չենք կարողացել ապացուցել, որ ինչ-որ բան է տեղի ունեցել։ Եթե կարողանայինք՝ այդ ինչ-որ բանը հանցանք կլիներ։

ՀՔԾ-ն երեկ ազդարարել է, որ մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած խմբակային ծեծկռտուքում «հանցակազմը բացակայում է»։ Այսինքն՝ տեղի ունեցածը իրոք տեղի է ունեցել, սակայն այն քրեորեն արգելված, պատժելի վարքագիծ չի եղել, հետևաբար՝ կարելի է առանց վարանելու՝ նույնը կրկնել։

Փաստորեն, ընդդիմադիր պատգամավորի ծեծը մայիսի 8-ին վարչապետն արդարացրեց քաղաքականապես, իսկ 2 շաբաթ անց՝ ՀՔԾ-ն արդարացրեց իրավաբանորեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել