«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հայտարարություն է տարածել փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա կատարված հարձակման վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.

«Շուրջ երկու տարի ականատես ենք լինում իշխանամերձ տարատեսակ խմբավորումների կողմից իրականացվող հարձակումներին, որոնց ընթացքում թիրախավորվում են հատկապես փաստաբանական և լրագրողական համայնքի ներկայացուցիչները: Այս ամենն ունի իր բացատրությունը, քանի որ հատկապես այս ոլորտների ներկայացուցիչներն են հրապարակում իշխանությունը զավթած քաղաքական ուժի իրականացրած ապօրինություններն ու պաշտպանում նրանց ընդդիմախոսներին քաղաքական հետապնդումների տարբեր դրսևորումներից:

Օրերս հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա, որտեղ այդ պահին եղել են կինն ու անչափահաս երեխաները: Հարձակվողները սպառնալիքներ են տեղացել փաստաբանի և ընտանիքի անդամների հասցեին, փորձել են տուն ներխուժել:

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը խստորեն դատապարտում է կատարվածը՝ վստահ լինելով, որ այդ ստոր արարքը պայմանավորված է Տիգրան Աթանեսյանի մասնագիտական գործունեությամբ և հանրային դիրքորոշմամբ:

Իշխանությունների կողմից գեներացվող ատելության ու անպատժելիության մթնոլորտի արդեն օրինաչափության վերածված այս դրսևորումներն արդեն հատել են նույնիսկ անթույլատրելի սահմանները:

Մեր աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում փաստաբան Տիգրան Աթանեսյանին և փաստում, որ երկրում ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն գործող քաղաքական իշխանությունն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել