Պետության, բանականության և բարոյականության ավարտը
----------------------------

"Պետության" տարբեր սահմանումներ կան, սակայն նրանց բոլորի հիմքում ընկած է "օրենք" և "դատական իշխանություն" հասկացությունները: Եթե օրենքները և դատական իշխանությունը կասկածի տակ են դրվում, ապա պետությունը ավարտվում է: Անգամ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքն օրենքով հետապնդվում է, որովհետև չհարգել դատարանը, նշանակում է չընդունել պետության գոյությունը: Դա աքսիոմա է:

Կառավարության անդամը` նախարարը, հայտարարում է, որ դատական իշխանությունը չի վայելում ժողովրդի վստահությունը, հետո հրաժարվում է կատարել դատարանի որոշումը, սակայն մնում է իր պաշտոնին (պատժվելու մասին չենք էլ խոսում): Այսինքն, ըստ էության, հերքելով Պետության գոյությունը, նա շարունակում է մնալ նույն պետության գործադիր իշխանության պաշտոնյա` նախարար: Դա արդեն կարելի է համարել ՀՀ կառավարության քաղաքական կարծիքը:

Բայց սա չէ ամենաանտրամաբանականը: Համարելով, որ դատական իշխանությունը չի վայելում ժողովրդի վստահությունը, չկատարելով դատարանի որոշումը, ինքը դիմում է նույն դատարանին, իր "արժանապատվությունը" պաշտպանելու համար: Սա ոչ միայն պետության ավարտն է, այլ` բանականության ու բարոյականության:

Անհետևողականությունը, անպատասխանատվությունը, քայլերի ու խոսքերի անտրամաբանականությունը, պետության ու քաղաքականության մասին պատկերացումների բացակայությունն այս կառավարության ու խորհրդարանի բնութագիրն է:

Մեջբերումները ստորև:

----------------------------------------

- "Վեթինգը պետք է սկսել միզաբուժության գուրու և պապայի (կամ միգուցե մամայի) բալա դատավորներից"։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արսեն Թորոսյանը: "Հայկական Ժամանակ", 08/06/2019:

- "Ես ուղիղ եթերով հայտարարում եմ, որ դատարանի վճիռը կդնեմ իմ ֆեյսբուքյան էջում, և ևս մեկ անգամ կվերահաստատեմ, որ այն, ինչ ասել եմ ուղիղ եթերների ժամանակ, կրկնում եմ։ Ավելին, նորից կհայտարարեմ, որ մեր դատական համակարգը չի վայելում ՀՀ ժողովրդի մեծամասնության վստահությունը և կարիք ունի արմատական բարեփոխումների թե՛ պրոցեդուրալ, թե այն անձերի առումներով, որոնք շարունակում են դատական վճիռներ ընդունել" - Արսեն Թորոսյան:
17 Մարտի 2020, "Երկիր" օրաթերթ:

- "Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դատի է տվել Մասիսի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Նունե Ավանեսյանին: Նախարարը պահանջում է Նունե Ավանեսյանից հրապարակայնորեն զրպարտություն համարվող տեղեկությունները հերքել":
"Արարատնյուզ", 19 Մայիսի, 2020

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել