Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,

Խորովածի մասին ժողվարչապետի և Ձեր համատեղ երգը հիացրել է հանրությանը: Եվ քանի որ համայն հայությունն այս օրերին ցնցված է հեղափոխության առաջնորդի՝ մաքսանենգ ծխախոտի մաֆիոզ սխեմաներով բիզնեսի մասին տեղեկատվությամբ, իսկ Դուք անձամբ համայն հայության ընկալումներում համարվում եք հեղափոխության սփյուռքյան գլխավոր խորհրդանիշը, նաև հաշվի առնելով փաստը, որ Դուք ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության ցեխում ամենատաղանդավոր և ամենահայտնի երաժիշտն եք, կա առաջարկություն՝ ժողվարչապետի հետ համատեղ նոր երգ թողարկելու՝ նվիրված ծխախոտին, թութունին, մաքսանենգ ծխախոտի բիզնեսին ու դոլարներին, շատ դոլարներին: Ի դեպ, Դուք եզակի շանս ունեք գերազանցելու Վիկտոր Ցոյի հայտնի երգի հաջողությանը: Մեր կողմերում այս երգը շատ հայտնի է, հատուկ Ձեզ համար տեղադրում եմ անգլերեն տարբերակը: Խնդրեք ժողվարչապետին, թող բառերը գրի, իսկ դուք երաժշտությունը կգրեք ու կկատարեք:

Եվ եթե Ցոյն ասում է․ «Թե գրպանում տուփով ծխախոտ ունես, ապա ամեն ինչ այդքան էլ վատ չէ...», ապա Դուք կարող եք շատ հանգիստ ասել․ «Թե մի ողջ ինքնաթիռ ծխախոտի կանտրաբանդա ունես, ապա ամեն ինչ այդքան էլ վատ չէ...»: Բայց Ձեզ չկաղապարենք, իսկական արվեստն ազատություն է սիրում: Միայն թե հավատացեք Ձեր ուժերին, հավատացեք Ձեր երկուսի ստեղծագործական տաղանդին, և մաքսանենգ ծխախոտի բիզնեսի մասին Ձեր նոր երգը կարող է համաշխարհային հիթ-շքերթների տասնյակներում հայտնվել: Երգից ստացված լիցենզիոն եկամուտներով էլ Դուք կարող եք ի վերջո կատարել Նիկոլ Փաշինյանին տրված Ձեր հայտնի խոստումը՝ բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել