Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը երեկ գրառում էր կատարել և անդրադարձել էր իրենց պարտականությունները չկատարող ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավորներին՝ հաշվարկներ անելով, թե 2 պատգամավորի աշխատավարձով քանի ընտանիք ամսական միանվագ կստանար՝ 100 հազար դրամ գումար։ Չնայած այն հանգամանքին, որ ժողովրդի ընտրյալ պատգամավորի կողմից բոյկոտը՝ աշխատանքի չգալը, քաղաքական անհամաձայնության ձև է, ես ինքս համաձայն եմ այն մտքի հետ, որ եթե մարդ ընտրվել կամ նշանակվել է ինչ-որ աշխատանքի կամ պաշտոնի, ապա նա պետք է կատարի ստանձնած պարտականությունները, ինչի դիմաց վարձատրվում է մեր մուծած հարկերից։ Սակայն, չգիտես ինչու, Հանրային խորհրդի նախագահը 10 օր է՝ ԱԺ նիստերի դահլիճ չմտնող ԼՀԿ-ականներին երեսով է տալիս և մատնանշում գործի չգալն ու վարձատրվելը, բայց մինչև հիմա չի անդրադարձել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին, ով 11 ամիսների ընթացքում իր պարտականությունները չի կատարել ու այդ ընթացքում ստացել է 8 միլիոն 730 հազար 480 դրամ աշխատավարձ, ըստ հրապարակված տեղեկությունների` 4 անգամ ստացել է պարգևավճար՝ 3 միլիոն 174 հազար 720 դրամ, ամսական ստանում է 240 լիտր բենզին (ըստ օդում կախված լուրերի՝ վերջին 1-2 ամսում հրաժարվել է բենզինից), օգտվում է ծառայողական մեքենայից, սենյակից, կապից և ՍԴ դատավորին տրամադրվող այլ արտոնություններից։

Որևէ մեկը չփորձի համոզել, որ ՍԴ շենք գնալը աշխատանքի գնալ է։ Աշխատանքի գնալը պարտականությունները կատարելն է, այլ ոչ թե աշխատավայրում գտնվելը։

Լավ կլինի՝ ՀԽ նախագահը մինչ ԱԺ պատգամավորների 10-օրյա քաղաքական բոյկոտի ֆինանսական հետևանքներին անդրադառնալը հաշվարկի, թե քանի միլիոն դրամի վնաս է պատճառել իշխանությունների դաբռոն ստացած և գործի չգնացող ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, և արձագանքի այդ անձի պարտականությունները չկատարելուն։

Ինչ վերաբերում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հետ կապված Սաֆարյանի գրառմանը, ապա շատ տհաճ ու աններելի է, երբ ՀԽ նախագահը կնոջ հետ խոսում է վիրավորանքներով ու պիտակավորումներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել