Հայաստանի գործատուների հանրապետական միությունը, որը գործում է Հայաստանում 2007 թվականից և ներկայացնում է Հայաստանի խոշոր ընկերությունների 20 տոկոսից ավելին, իր անհանգստությունն է հայտնել Հայաստանի պետական ու իրավապահ մարմինների գործողության արդյունքում տնտեսության համար առաջացող ռիսկերի մասին։ Միության պաշտոնական հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«ՀԳՀՄ-ն, մնալով հավատարիմ իր առաքելությանը՝ խթանել բիզնես միջավայրի շարունակական բարելավումը, պաշտպանել բիզնես համայնքի և գործատուների շահերը՝ ուղղորդելու դեպի տնտեսական աճ և բարեկեցություն, իր անհանգստությունն է հայտնում հակակոռուպցիոն գործառույթների շրջանակում ՀՀ Սահմանադրության պահանջների կատարումից որոշակիորեն շեղվելու ռիսկերի վերաբերյալ, այն է՝ ՀՀ պետական իշխանությունն իրականացվում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքի հիման վրա»:

Հայտարարության մեջ նշված է, որ ՀՀ տնտեսությունը դեռևս օժտված չէ մեծ թվով հաջողված ձեռնարկատիրության օրինակներով և կարևոր է ձեռնարկությունների հիմնադիր անձերի պատմությունը չնույնականացնել ձեռնարկության համբավի և գործունեության հետ՝ լայն թվով շահառուների չվնասելու համար։

«Ucom ընկերությունն ունի լայն ճանաչում և հայտնի է որպես բարձր արդյունավետությամբ կազմակերպություն, և այդ առումով պետք է հոգ տարվի, որպեսզի նրա ամենօրյա ձեռնարկատիրական գործունեությունը և վարկանիշը չվնասվեն»,- ասված է հայտարությունում:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Ucom ընկերության կառավարման խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը հայտարարել էր, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով պահանջ է դրվել օտարել Ucom-ը։ Հայտարարությանը հետևեց քրեական հետապնդումը Գուրգեն Խաչատրյանի հանդեպ, ինչպես նաև միտումնավոր ընկերությանը վնաս հասնելու փորձեր կատարվեցին, ինչպես, օրինակ, մայիսի 13-ին անհայտ անձանց կողմից Ucom-ի բջջային ցանցը շարքից հանելու գործողությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել