Հայաստանյան իշխանությունները որոշել են չեղարկել Սահմանադրական դատարանի հետ կապված հանրաքվեն։ Գիտակցելով, որ հետարտակարգաիրավիճակային շրջանում անցկացվելիք հանրաքվեում կարող են պարտություն կրել` Փաշինյանի վարչակարգը կորոնավիրուսի համաճարակի ձգձգվելու պատրվակի ներքո որոշել է այլ մեթոդներով հաշվեհարդար տեսնել իր «աջը չպաչած» ՍԴ դատավորների նկատմամբ։ Այդ մեթոդների փնտրտուքի մասին Փաշինյանը և իշխանության ներկայացուցիչներն արդեն արտահայտվել են, և բոլորը նշում են, որ այդ հարցի վերաբերյալ իրենք դիմել են Վենետիկի հանձնաժողովին։ Դա այն հանձնաժողովն էր, որի ղեկավար Ջիանի Բուքիքիոյին Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները և նրանց երկրպագուները բացահայտորեն վիրավորում էին, քանի որ վերջինս հանդգնել էր ՍԴ-ի շուրջ ստեղծված կոնֆլիկտի կողմերին զսպվածության կոչով դիմել։

Բայց հարցն այդ չէ, որ գրավեց իմ ուշադրությունը։

Առաջին անգամ մայիսի 15-ին ՍԴ-ի վերաբերյալ հանրաքվեի չեղարկման մասին հայաստանյան իշխանության ներկայացուցիչներից խոսեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։ Սակայն խնդիրն այն է, որ առաջին անգամ այս մասին ընդհանրապես խոսել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ, Պետդեպարտամենտի եվրոպական և եվրասիական հարցերով բյուրոյի ներկայացուցիչ Ջորջ Քենթը մայիսի սկզբին, ով, անդրադառնալով Հայաստանի ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին, հայտարարել էր. «Կարծում եմ, որ հայերը դատական համակարգի՝ սովորականից ավելի արմատական վերափոխում են առաջարկում: Մենք առաջարկել ենք նրանց դիմել Վենետիկի հանձնաժողով՝ որպես լավագույն խորհրդատու մարմնի»:

Այսինքն` Փաշինյանը ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի պահով դիմել է Վաշինգտոնին, որտեղից էլ նրան խորհուրդ են տվել դիմել նիկոլականների կողմից չսիրված Վենետիկի հանձնաժողովին, որից հետո ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հարցեր է ուղղել Վենետիկի հանձնաժողովին, իսկ Ռուբինյանն էլ այդ մասին գրառում է անում՝ տեղեկացնելով հանրությանը։ Բավականին հետաքրքիր բացահայտում էր։

Ստացվում է՝ Նիկոլը, ով նախկին իշխանություններին մեղադրում էր Հայաստանը ռուսական «գուբեռնյա» դարձնելու մեջ, ինքն է, գալով իշխանության, Հայաստանը դարձրել ամերիկյան նահանգ ու մեր երկրի ներքին հարցերը քննարկում ու հրահանգներ է ստանում Վաշինգտոնից, որտեղից էլ մեզ տեղեկացնում են, թե ինչ է մեզ սպասում, օրինակ, ՍԴ-ի հարցի շուրջ։

Փաշինյանը մի բան պետք է լավ հասկանա։ Ամեն մի ապօրինություն, որը նա գործում է ու դրա համար «հենարաններ» փնտրում՝ լինի դա Ռուսաստանում, թե Արևմուտքում, առաջնայինն այդ ամենից օգտվում են այդ «հենարանները»՝ թուլացնելով իր լեգիտիմությունը և Հայաստանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել