Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության կարևորագույն ձեռբերումներից մեկը իրական պողոսապետության ստեղծումն է Հայաստանում, երբ նախորդ իշխանությունից հիասթափված և զզված հասարակության մի լայն զանգված պատրաստ է, այսպես կոչված, հեղափոխության արդյունքում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանին և նրա չտես և դիլետանտ թիմին ամեն վատ բան ներել, ամեն լավ բանը վերագրել Նիկոլին, եթե նույնիսկ այդ լավ բանի հետ Փաշինյանը և նրա թիմը որևէ կապ չունեն: Սա շատ լավ հասկացել են իշխանությունները, և օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանում հաստատվել է «պողոսապետություն» չարաշահում են հասարակության որոշ մասի վստահությունը և դիմում են բազմաթիվ կեղծիքների և դեմագոգիայի՝ համոզված լինելով, որ, միևնույն է, իրենց երկրպագուները դրանց կհավատան:

Օրինակները բազմաթիվ են: Վերջինը՝ Ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի գրառումն էր, երբ վերջինս որպես իրենց իշխանության ձեռքբերում էր ներկայացրել 2019 թ․-ի հոկտեմբերի 30-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի, իսկ դեկտեմբերի 12-ին՝ ԱՄՆ Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևերը, ինչպես նաև 2020 թ․-ի փետրվարին Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Հասարակության մի մասը շատ լավ տեղյակ է, որ այդ ամենի հետ Փաշինյանը և նրա վարչակարգը որևէ առնչություն չունեն:

Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազար» հեքիաթում մի դրվագ կա, որը շատ տիպիկ բնորոշում է Փաշինյանին և նրա թիմակիցներին, ովքեր շատ են սիրում սեփականաշնորհել իրենց չվերաբերող բաներ և դրանք ներկայացնել որպես իրենց մեծ ձեռքբերումներ, որոնց «պողոսները» ոչ միայն հավատում են, այլև ծափահարում են: Բայց այդ ամենն իր հակառակ կողմն ունի. «պողոսապետություններում» ամենադաժան վախճանն ունենում են «պողոսակուռքերը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել