Մեր բոլոր տնտեսավարողները և գործատուները պետք է հաշվի առնեն, որ կան գործունեության սահմանափակումներ, որոնք դեռ միայն հնարավոր է իրականացնել առցանց, հեռավար կամ առաքման միջոցով: Այս մասին այսօր հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը՝ ներկայացնելով պարետի որոշումները, տնտեսական գործունեության տեսակների նոր սահմանափակումները և դրանց շրջանակում անվտանգության նոր կանոնները:

Վարոս Սիմոնյանը նշեց, որ սահմանափակված են լինելու հյուրանոցային և համանման բնակատեղերի տրամադրման վայրերը: Սահմանափակված չեն այն հյուրանոցների ծառայությունները, որոնք իրականացնում են հյուրերի հաշվառում ռեգիստրում: Նա հիշեցրեց, որ հանվում են նաև հանրային սննդի կետերի, հանրային տրանսպորտի, մարզասրահների, մշակութային, ստեղծագործական խմբերի գործունեության սահմանափակումները:

«Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել այն հանգամանքին, որ այն սահմանափակումները, որոնք հանվում են, միաժամանակ գործելու են կանոններով, որոնք հստակ, պարզ նշված են պարետի ներկայացրած հավելվածում»,- ասաց նա և հավելեց, որ նույնիսկ դրսում պարտադիր է դառնում ձեռնոցներ, դիմակներ կրելը:

Նախարարի տեղակալը նշեց նաև, որ խոշոր առևտրի կենտրոնները ևս կգործեն՝ պահպանելով պարետատան սահմանած անվտանգության հատուկ կանոնները: Սահմանված կանոներով են աշխատելու նաև մանկապարտեզները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել