168.am-ը գրում է․

168TV «Ռեվյու» հաղորդման ընթացքում ֆերմեր Հարություն Մնացականյանն ասաց, որ Հայաստանում խոզի գլխաքանակը բավականին պակասել է, և ցանկություն ունեցողներին հորդորեց հենց այսօրվանից զբաղվել խոզաբուծությամբ․

«Թեկուզ՝ 2, 3, 4 գլուխ, որովհետև ներկայումս եղած գինը որոշ չափով կբարձրանա և մինչև տարվա վերջ այդ գնային սեգմենտում կմնա, ինչը ձեռնտու է խոզաբուծության համար»։

Ըստ նրա՝ հայ ֆերմերները պետք է շատ աշխատեն իրենց վրա, ուսումնասիրություններ անեն՝ գյուղատնտեսության որևէ ուղղությամբ զբաղվելու համար․

«Այստեղ մեծ է նաև պետության դերը։ Տեսեք՝ խոսում ենք պետական աջակցության մասին, որ պետությունն անտոկոս վարկեր տա, օգնություն ցուցաբերի, և այլն․ ճիշտ է՝ դրանք անհրաժեշտ են, բայց բավարար չեն։ Պետությունը պետք է ամեն ինչ անի գյուղմթերքների ինքնարժեքների իջեցման համար։ Ենթադրենք, սերմնաբուծարանները սկսեն նորմալ աշխատել և ցածր գնով բարձր որակի սերմ մատակարարել, պետությունն այնպիսի թիրախային ուղղություններ ընտրի, այնպիսի միջոցառումներ իրականացնի, որ ֆերմերի մոտ տվյալ արտադրատեսակի ինքնարժեքն իջնի։ Հետաքրքիրն այն է, որ մեր ֆերմերները միշտ խոսում են պետությունից օգնություն ստանալու մասին, միշտ սուբսիդիա են ուզում, բայց ոչ ոք չի ասում՝ խնդրում եմ, ինձ դարձրեք մրցունակ։ Տեսեք՝ մեզ մոտ ջերմային տնտեսություններում ինքնարժեքը բարձր է, և պետությունը առաջինը պետք է աշխատի այնտեղ ինքնարժեքի իջեցման վրա։ Սովորական իշամեղուն, որի միջոցով ջերմատներում կատարվում է փոշոտում, Հոլանդիայից բերում և վաճառում են 100 դոլարով։ Մեզ մոտ հնարավոր է արտադրություն՝ բավականին մատչելի գնով։ 100 դոլարի փոխարեն, եթե տեղական ֆերմերը մի տուփ իշամեղուն գնի 10.000 դրամով, արդեն ինքնարժեքը կիջնի»։

Նա նկատեց՝ քանի որ Իրանը Ռուսաստանի հետ գյուղմթերքի հետ կապված մաքսային որոշ դրույքաչափեր զրոյացրել է, այդ առումով Իրանը լուրջ վտանգ է ներկայացնում Հայաստանի համար․ «Երբ Իրանը սկսի իր խոշոր ջերմային տնտեսություններից արտահանում կազմակերպել ռուսական շուկա, մենք զգալու ենք, որ մրցունակ չենք։ Մեր խոշոր ջերմոցային տնտեսությունները կարող են լուրջ խնդրի առաջ կանգնել, որովհետև մեզ մոտ ինքնարժեքը բարձր է։ Ասել եմ ու միշտ կասեմ՝ Հայաստանում գյուղատնտեսությունը փազլային վիճակում է, պետք է ուղղակի այդ փազլը ճիշտ հավաքել․ այդ դեպքում մեր գյուղատնտեսությունը կսկսի մեծ թափով զարգանալ»։

Դիտարկմանը՝ այս խնդիրներով հանդերձ՝ Գյուղատնտեսության նախարարություն չունենք, նա արձագանքեց․ «Այո, ես դա միշտ եմ ասել, որ ամենամեծ սխալն էր Գյուղատնտեսության նախարարությունը փակելը»։

Հարություն Մնացականյանի գնահատմամբ՝ Հայաստանի ֆերմերների մեծամասնությունն ապրում է այսօրվա օրով՝ այսօր ինչ եղավ՝ եղավ․ «Մեզ մոտ գյուղատնտեսությունը սրտի կարդիոգրամայի նման է՝ ուղիղ գծով չի գնում, որ, ենթադրենք, հաշվեն՝ ինչքան պահանջարկ կա, այդ պահանջարկի հիման վրա որտեղ ինչ աճեցնեն։ Մեր առևտրային բանկերն էլ կարող են դա կազմակերպել․ լոգիստիկ կենտրոններ լինեն, որ գյուղացիներից կմթերեն ապրանք և կիրացնեն առևտրային ցանցերով, չլինեն Մեյմանդարի և Մալաթիայի շուկաների նման շուկաներ, և գյուղացուն վարկ տրամադրելիս ասեն՝ այս տարի այսքան վարունգի աճեցման համար կարող ենք վարկ տալ, դրանից ավել աճեցման համար չենք կարող վարկ տալ։ Առևտրային բանկերն Էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցելով՝ կարող են այս թնջուկից դուրս գալ։ Իմ տեղեկություններով՝ իտալական ինչ-որ ընկերություն փորձելու է մեր երկրում գոտիավորում իրականացնել, որից հետո հստակ պարզ կլինի՝ որտեղ ինչ աճեցնել, որ մաքսիմալ ցածր ինքնարժեք ստանաս, ինչ կարելի է արտահանել»։

Խոսելով տնկարանների մասին, նա ընդգծեց․ «Սա մեր երկրի ամենացավոտ թեմաներից մեկն է։ Մեր տնկարանային տնտեսությունները կարծես տարերայնորեն ձևավորված ինչ-որ առևտրային կետեր լինեն, որոնք չեն վերահսկվում։ Եթե տնկարանային տնտեսությունները չեն վերահսկվում, դու կարող ես այգի հիմնել, փորձել տնկիներ տանել, մեկ տարի պահել և ոչ մի արդյունք չստանալ։ Մեր տնկարանային տնտեսությունները պետք է պարտադիր սերտիֆիկացվեն և խիստ վերահսկողության ենթարկվեն։ Դրան գումարած՝ մենք Հայաստանում կարող ենք ունենալ տեղայնացված, մեր կլիմային հարմարված շատ բարձրորակ տնկիներ՝ լարային տնկիներ, ինտենսիվ, սուպեր ինտենսիվ տնկիներ։ Մեր ապագան դա է, ավանդական մեթոդով ոչինչ չենք կարող անել»։

Հարցի՞ն՝ այսինքն՝ համակարծի՞ք է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, որը վերջերս ասում էր, թե ինտենսիվ տնկիներով այգիներ հիմնելն ավելի ձեռնտու է, նա պատասխանեց․

«Ինտենսիվը ձեռնտու է, բայց՝ տեղայնացված։ Բազմիցս դեպքեր են եղել, երբ ընկույզի տնկիներ են բերել Հայաստան, մեր կլիմային դրանք չեն հարմարվել, սթրես են տարել, և այդ ընկույզը նորմալ բերք չի տվել։ Հայաստանում ունենք շատ լավ ներուժ՝ նվիրյալ գիտնականներ, որոնք այսքան տարի կոպեկներով աշխատել են, և իրենց խոսքը տեղ չի հասել։ Եթե սկսենք իրենց հետ նորմալ աշխատելով՝ մեր սերմնաբուծարաններով և սելեկցիոն կայաններով, մեր այդ գիտնականները, որոնց տարիքն արդեն 60-70 է, այնպիսի առաջարկներ կարող են անել, այնպիսի տնկիներ ստեղծել, տեղայնացնել կամ խաչասերելով ստանալ, այնպիսի արդյունավետություն կապահովեն, որ կզարմանաք։ Ավանդականը պետք է մոռանանք և անցնենք ինտենսիվին․ ավանդական ծիրանենիներով չես կարողանալու հակակարկտային ցանցեր քաշել, վաղը կարկուտը խփելու է, նորից դուրս գան՝ բողոքեն»։

Դիտարկմանը՝ հակակարկտային ցանցեր քաշելը բավականին թանկ հաճույք է, և բազմաթիվ ֆերմերներ չունեն դրա հնարավորությունը, նա արձագանքեց․

«Մեր երկրի ամենամեծ դժբախտություններից մեկը՝ մենք միշտ մտածում ենք չունևորի մասին․ չունևորը պետք է մտածի ունենալու մասին։ Չունևորի մոտ այդ մտածելակերպը պետք է փոխվի, նա ամեն կերպ պետք է ձգտի սովորել, փորձ ունենալ։ Պետությունը հակակարկտային ցանցերի համար տրամադրում է անտոկոս կամ շատ ցածր տոկոսներով վարկեր։ Եթե տեսնեն՝ հակակարկտային ցանցերն իրենց շատ լավ արդարացնում են, կարող է՝ սկսեն սուբսիդավորել։ Այսօր շուկայական տնտեսությունում նույն ջունգլիների օրենքն է, մենք պետք է ունենանք մրցունակ տնտեսություն, եթե դու չունևոր ես, ուրեմն՝ գյուղատնտեսությամբ մի զբաղվիր, գնա՝ դարձիր վարձու աշխատող»։

Նկատեցինք՝ մարդն ունի փոքր հողատարածք, մշակում է, որ գոնե մի փոքր գումար աշխատի։ Ի պատասխան՝ ֆերմերն ասաց․ «Ուրեմն՝ թող ուրիշ բան անի։ Եթե ինքը մինուսով է աշխատում, անընդհատ վնաս է կրում, անընդհատ վարկ է վերցնում, ընկնում է սև ցուցակ, թող գնա՝ վարձու աշխատող դառնա։ Պարտադիր չէ՝ բոլորը դառնան ֆերմեր, ովքեր ֆերմեր են դառնում՝ պետք է մրցունակ լինեն, որ կարողանանք դուրս գալ մրցակցային շուկա։ Ախր ծիծաղելի է՝ Իսրայելի նման երկիրն անապատում գազարի արտահանման առաջատար է, մեզ մոտ գյուղացիները չեն կարողանում գազար աճեցնել, կամ աճեցնում են՝ չեն կարողանում վաճառել»։

Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել