Hraparak.am-ը գրում է․

Արդեն տևական ժամանակ ՌԴ-ում ժամանակավորապես բնակվող մեր քաղաքացիները չեն կարողանում վերադառնալ հայրենիք: Ինքնաթիռ չկար, իսկ ցամաքային ճանապարհներով Վերին Լարս՝ ռուս-վրացական սահման մի կերպ հասած Հայաստան ուղևորվողների տեղաշարժը արգելում են Վրաստանի իշխանությունները: 
Այսպես, հայերին Ռուսաստանից Վրաստան են «տշում», Վրաստանից՝ Ռուսաստան: Նրանք պատանդ էին դարձել մեր կառավարության ղեկավարի, արտգործնախարարության անգործության արդյունքում, նաև անտարբերության: Նիկոլ Փաշինյանի համար սա գոյություն չունեցող հարց էր, մինչև որ այսօր վերջապես հայտարարվեց, որ մայիսի 15-ից ՌԴ-ից Վրաստան թռիչքները վերականգնվում են:

Այս մասին ԱԺ հատուկ նիստում հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: ՌԴ դեսպանատունն էլ քիչ առաջ հաղորդեց, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան հերթական չարտերային չվերթը «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի մայիսի 15-ին, ժամը՝ 15։40-ին: Տոմսերը ձեռք կբերեն դեսպանությունում հերթագրված քաղաքացիների ցուցակին համապատասխան, որը ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան կայքում է: Ցամաքային սահմանների բացման հետ կապված, ըստ Ավինյանի, դեռ քննարկում չկա, բայց մոտ ապագայում այդ հարցերին նույնպես անդրադարձ կլինի:

Վերջին մի քանի օրում ռուս-վրացական սահմանին մեծ թվով հայեր են հավաքվել: Ինչպես և Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, մարդիկ անորոշության մեջ սպասում էին, որ սահմանը կբացվի: Սակայն մայիսի 13-ից 14 ընկած ժամանակահատվածում, գիշերվա ժամը 2-ին մոտ Վրաստանի սահմանապահները քշել են այստեղից մարդկանց, պատճառաբանելով, որ օտարերկրացիների համար Վրաստան մուտքն արգելված է։ 


Վրաստանում ՀՀ դեսպանությունը ժամեր առաջ «հանգստացնող» հայտարարություն տարածեց, ըստ էության, պաշտպանելով Վրաստանի շահերը. «Պարետատունը, ՀՀ ԱԳՆ-ն և Վրաստանում ՀՀ դեսպանությունը բազմիցս հորդորել էին ՀՀ քաղաքացիներին չգալ Վերին Լարսի անցակետ, քանի որ օտարերկրացիների համար Վրաստան մուտքն արգելված է։ Դեսպանատան դիվանագետները մայիսի 12-ին եղել են Վերին Լարսի անցակետում և հանդիպել են ՀՀ քաղաքացիների հետ՝ նրանց տանելով սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ... Վրացական կողմի՝ տարածքը լքելու բազմաթիվ խնդրանք-հորդորներից հետո ՀՀ քաղաքացիները լքել են այն, քանի որ չեզոք գոտում մարդկանց կուտակումը խաթարում էր անցակետի բնականոն գործունեությունը։ Քաղաքացիներն արդեն գտնվում են Ռուսաստանի տարածքում»։ 

ԱԳՆ-ն էլ կոչ էր արել Վերին Լարսում  հավաքվածներին իրենց բնակության վայրեր վերադառնալ: 

Մեր տեղեկություններով, ոչ թե Վրաստանի իշխանությունները չեն թողնում, որ ՀՀ քաղաքացիները վերադառնան Հայաստան, այլ հենց մերոնք են հրաժարվում ընդունել նրանց: «Մենք իմացել ենք, որ Վրաստանի հետ պայմանավորվածություն է եղել, որ եթե մարդիկ հասնեն Վերին Լարս, նրանց համար ժամանակավոր բացեն ճանապարհը», -  ասաց նախկին խոպանչիներից մեկը: Մենք գրավոր հարցում էինք արել ԱԳՆ, պարզելու համար, թե որքանով է այս լուրը համապատասխանում իրականությանը: Արդյոք՞ քաղաքացիների մեկուսացումը ապահովելու բարդություններն են պատճառը, որ Հայաստանը թողել է նրանց անօգնական վիճակում: «Ձեր հարցման մեջ նշած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում», - կարճ համառոտ պատասխան ենք ստացել ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանից, չբավարարելով մեր հետաքրքրությունը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել