Tert.am-ը գրում է.

Իրանի նորընտիր խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանի խոսքով՝ Թել Ավիվում Երևանի  դեսպանատուն բացելու Հայաստանի որոշման մասին Իրանում տարբեր վելուծություններ են եղել, հիմա էլ թեմայի վերաբերյալ գնահատականներ են հնչում տարբեր վերլուծաբանների, քաղաքական հոսանքների ներկայացուցիչների կողմից:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Իսրայելի դերակատարությունը տարածաշրջանում, ազդեցությունը Ադրբեջանում և  իրենց հարևան այլ երկրներում, մշտապես Իրանի ուշադրության կենտրոնում է:

«Հայաստանի պետական այրերն էլ գիտեն այդ մասին: Դա զգայուն թեմա է: Նաև Իրանում գիտեն, որ Հայաստանի կողմից որևէ սպառնալիք չի եղել և չի լինելու Իրանի հասցեին»,- ասաց նա՝ նշելով, որ երկու երկրների պետական այրերի՝ արտգործնախարարությունների աշխատանքի արդյունքում կարող է պարզաբանվել, թե Հայաստանը ինչ շահեր ունենալով է, ինչ սկզբունքով է եկել այդ որոշմանը և նման քաղաքական ակտ է ցանկանում կատարել:

Նշենք, որ Իրանի ԱԳ նախարարությունն արձագանքել էր Թել-Ավիվում դեսպանատուն բացելու Հայաստանի որոշմանը: Մտահոգություն հայտնելով Թել-Ավիվում դեսպանատուն բացելու Հայաստանի որոշման կապակցությամբ` Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին  հույս էր հայտնել, որ Երևանը կվերանայի իր որոշումը:

«Այլ երկրներին մենք շարունակ զգուշացրել ենք Սիոնիստական ռեժիմի օկուպանտ էության ու ռեժիմի անօրինականության մասին և մտահոգություն ենք հայտնել սիոնիստներին համար ամենաչնչին օրինականությունն ստեղծող քայլերի կապակցությամբ»,- ասել էր նա՝ հավելելով, որ իրենց մտահոգությունը հայտնել են ՀՀ կառավարությանը: Ռոբերտ Բեգլարյանը նշեց, որ որքանով ինքն է տեղյակ, Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը համապատասխան շփումներ ունեցել է, տեղեկություններ փոխանցելով, որոշակի վերաբերմունք մեղմելով՝ փոխանցել է ՀՀ կառավարության դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ:

«Շատ կարևոր է երկու երկրների հարաբերությունների պահպանումը: Թել Ավիվում դեսպանություն ունենալու հարցը Իրանի համար շատ զգայուն է: Մենք՝ իրանահայերս և Իրանի քաղաքական կյանքին մոտ մարդիկ, գիտենք, թե ինչ կարևորություն ունեն Իրանն ու Հայաստանը միմյանց համար: Հավանաբար, Հայաստանը պետք է գտնի մի ձևաչափ, որով պարզ դառնա, թե Իսրայելի հետ հարաբերություններն ինչ մակարդակում պետք է լինեն: Երկու երկրները, ելնելով իրենց անվտանգային շահերից, իրենց համար գերակա խնդիրներից գուցե պետք է մի այլ համագործակցություն էլ  ունենան: Դա արդեն իրենք պետք է ճշտեն: Խնդիրն այն է, որ Իրանը պետք է վստահ լինի, որ Հայաստանի կողմից Իսրայելի հետ հարաբերությունների զարգացումը որևիցե սպառնալիք չի ստեղծի իր համար, ի մասնավորի՝ հետախուզության, տեղեկատվական տեխնոլոգիաների տեսակետից»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել